ՀՅԴ Ընդհանուր ժողովն Արցախում անցկացնելը խորհրդանշական իմաստ ունի. Արմեն Ռուստամյան

Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովն Արցախում անցկացնելը խորհրդանշական իմաստ ունի, քանի որ մեր նորօրյա անկախության պատմությունը և դրան հետևած գործընթացները մեկնարկել են Արցախից. այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ մանրամասնելով, որ այսօր շատ լուրջ մարտահրավերներ կան՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին առումներով:

«Նորից մեր դիտակետը, որից բոլորին պետք է նայենք և լուծումներ գտնենք, Արցախն է: Սա հիմնականում պետք է նկատի ունենալ: Իհարկե, ճիշտ չէր լինի նաև, որ երբևէ Դաշնակցությունը մեր երկրորդ հայկական հանրապետությունում՝ Արցախում, Ընդհանուր ժողով գումարած չլիներ: Սա առաջին անգամն է, երբ իր բարձրագույն ժողովը, պատասխանատու և վճռական պահին կուսակցությունը որոշում է գումարել Արցախում: Սա, իհարկե, նաև պատգամ է՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին առումներով: Մեր բոլոր ուժերը ներ ենք դրել՝ ի շահ Հայաստանի և Արցախի միացման ու մեր անվտանգության միասնական համակարգի ձևավորման: Այսօր նորից այդ ընթացքը պետք է կարևորվի, և սա ամենագլխավոր ազդակն է»,- ավելացրել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչը:

Արմեն Ռուստամյանն անդրադարձել է նաև կուսակցության հետագա գործունեությանը խորհրդարանից դուրս՝ ընդգծելով, որ դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք նշել էին, որ կուսակցության հետագա գործունեությունը պայմանավորված չի լինելու Ազգային ժողովում ներկայացված լինելու հանգամանքով:

Դաշնակցության պատմության մեջ եղել են տարբեր վայրիվերումներ: Պարզապես այս իրավիճակում դրան համապատասխան մենք պետք է շարունակենք վերադասավորվել և գործել: Սակայն նպատակներն ու ռազմավարությունը մնալու են անսասան: Այստեղ խնդիրը գտնվում է մարտավարական դաշտում: Ինչ վերաբերում է ՀՅԴ Բյուրոյի նոր ներկայացուցչի ընտրության հարցին, ապա նշեմ, որ այն Ընդհանուր ժողովի օրակարգային վերջին հարցն է, և կախված է նրանից, թե ինչպիսի ռազմավարություն է որդեգրելու կուսակցությունը և, դրան համապատասխան, ինչպիսի թիմ է պատկերացնում»,- ավելացրել է Ա. Ռուստամյանը:

Հունվարի 16-ին Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որը կտևի մինչև հունվարի 24-ը։ Ժողովի ավարտին ընտրվելու է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և կուսակցության փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը չի առաջադրի իր թեկնածությունը ՀՅԴ Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ:

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի նախօրեին

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել