ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Սամվել Մայրապետյանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հօգուտ Սամվել Մայրապետյանի որոշում է կայացրել․ այս մասին հաղորդագրություն է տարածել Մայրապետյանի փաստաբանական խումբը։

ՄԻԵԴ-ը 39-րդ Կանոնի համաձայն՝ որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել նրա առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ բժիշկ մասնագետների՝ Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, մասնավորապես տրանսլյումինալ դրենավորման մեթոդի բացակայության պատճառով, ՄԻԵԴ որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա՝ այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է:

Դատարանը նաև Մայրապետյանի գործին առաջնահերթություն տալու որոշում է կայացրել՝ 41-րդ կանոնի համաձայն, հրահանգելով դիմումատուի փաստաբաններին մի քանի օրվա ընթացքում ուղարկել ամբողջական գանգատը՝ այդ թվում ֆաքսով:

ՄԻԵԴ-ը նաև զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը հանգեցնում է ՀՀ-ի կողմից Մարդու իրավունքների կոնվենցիայի խախտման»։

․․․

2018-ի դեկտեմբերի 27-ին Սամվել Մայրապետյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից։ Նա ծանր հիվանդություն ունի, փաստաբանները միջնորդել էին, որպեսզի Մայրապետյանը բուժումը ստանա արտերկրում, սակայն նրան չէր թույլատրվել լքել երկրի տարածքը։

Մայրապետյանը ձերբակալվել էր 2018-ի հոկտեմբերի 8-ին։ Մայրապետյանը մեղադրում է կաշառք ստանալու միջնորդության մեջ։

Սաթենիկ Հակոբյան