Սերժի լռությունը

Հայաստանի երկրորդ նախագահ, 2008-ին Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի շուրջ արդեն ամիսներ տևող զարգացումներում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լռությունը ապշեցնող է։

Մի կողմ ենք թողնում, թե ինչքանով է հիմնավոր Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը և արդյոք Հայաստանի արդարադատությունը ի վիճակի է լինելու դուրս գալ այս գործի տակից։ Խոսքը հենց արդարադատության մասին է, այլ ոչ վրեժխնդրության, մի բան, որ եղել է Քոչարյան-Սարգսյան 20-ամյա իշխանության բաղադրիչներից։

Սերժի լռությունը անբացատրելի է քաղաքական, բարոյական ու մարդկային առումներով։

Եթե Քոչարյանը փորձել է Սահմանադրական կարգը տապալել, ապա դա արել է ոչ միայն իր, այլև, առաջին հերթին իր երկար տարիների քաղաքական զինակից Սերժ Սարգսյանի համար։ Ավելի պարզ, Մարտի 1-ի թիվ մեկ շահառուն հենց Սերժ Սարգսյանն էր։ Անկասկած, Սերժ Սարգսյանը փողոցի գործիչ չէ, որպեսզի դուրս գա փողոց՝ ի պաշտպանություն իր երկար տարիների քաղաքական զինակից Քոչարյանի։ Ավելին, Սերժը կարող է գոյատևել ամենուր, բայց ոչ փողոցում, քանի որ փողոցում նա ունի զրո աջակցություն, և փողոցը, մեծ հաշվով, նրա ամենավտանգավոր հակառակորդն է։ Փողոցից բացի, կան այլ միջոցներ, որոնք, ցանկության դեպքում, Սարգսյանը կարող էր օգտագործել՝ ի պաշտպանություն Քոչարյանի։

Մեկ այլ իրողություն կար նրա նախագահության տասը տարիներին։ Սերժի շուրջ և նրա փեսայի ձեռքում գտնվող մեդիան անուղղակի կերպով Մարտի 1-ի պատասխանատվությունը թողնում էր Քոչարյանի վրա։ Տասը տարիների ընթացքում փորձ արվեց Մարտի 1-ի արյունը մաքրել Սերժի վրայից և այն թողնել միայն Քոչարյանի վրա։ Այս հարցում, կրկին անուղղակի, այսօր Սերժին օգնում է նաև Նիկոլ Փաշինյանի արդարադատությունը։ Քրեական գործեր են հարուցվել Քոչարյանի և Մարտի 1-ի ուժայինների վրա, սակայն Սերժ Սարգսյանը անգամ չի կանչվել հարցաքննության։

Սերժի լռությունը անբացատրելի է նաև բարոյական ու մարդկային առումով։ Եթե անգամ Քոչարյանը չլիներ իր ընկերը, եթե անգամ իշխանությունը ստացած չլիներ Մարտի 1-ի արյան ճանապարհով, ապա, միևնույնն է, որպես Հայաստանի երրորդ նախագահ (ճիշտ է՝ չընտրված ժողովրդի քվեով), նա իրավունք չունի լռելու։

Ընկերներին դժվար պահին թողնելը Սերժի քաղաքական կենսագրության անփոփոխ գծերից է։

Ժամանակին Սերժ Սարգսյանը դուրս եկավ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ այն դեպքում, երբ 1993-ից նա խոնարհաբար ծառայել էր առաջին նախագահի վարչակազմին։ Բավական էր, որ Լևոնը դժվար կացության մեջ լինի, և Սերժն այլևս նրա կողքին չէր։

Մեծ հաշվով, Սերժ Սարգսյանը «քաշել» է հենց Հանրապետական կուսակցությանը։ Վարչապետի աթոռից իր ստիպողական հրաժարականից հետո նա ամիսներ շարունակ մնում է կուսակցության առաջնորդի դիրքում՝ ցույց տալով քաղաքական նոնսենսի հերթական օրինակը։ Եթե Սարգսյանը քաղաքական մտածողություն ունի, ապա պետք է նույն օրն իսկ՝ 2018-ի ապրիլի 23-ին, հրաժարվեր կուսակցության ղեկավարի աթոռից։ Նա այդ աթոռից մնացել է կառչած՝ հարվածելով ՀՀԿ-ին։

Սերժ Սարգսյանը «քաշել» է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, իր 160 հազար կուսակցիներին (մոտ այդքան է ՀՀԿ-ականների թիվը՝ պաշտոնապես) և Հայաստանի ամբողջ ժողովրդին։

Նա խոստացավ, որ Սահմանադրություն է փոխում ավելի լավ Հայաստանի և ոչ իր վերարտադրության համար։ Նա համատարած կեղծիքներով Սահմանադրություն փոխեց, խոստացավ, որ այլևս չի լինի վարչապետ, բայց չպահեց իր խոստումը։

Նա Կարեն Կարապետյանին ներքաշեց խաղի մեջ, օգտագործեց նրա արտաքին փայլն ու վարկաբեկված չլինելը, սակայն ինքը մնաց վարչապետի աթոռին։

Ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ՀՀԿ-ն իր ամբողջ կազմով պետք է հրաժարվեր իշխանական բոլոր լծակներից, այդ թվում՝ խորհրդարանում ունեցած իր աթոռներից: Մինչդեռ ՀՀԿ-ն ոչ միայն չքաշվեց, այլ աթոռներից կառչած մնաց մինչև վերջ՝ մինչև դեկտեմբերի 9-ի խայտառակ պարտությունը: Այդ ընթացքում ՀՀԿ-ն մի քանի անգամ փորձեց խափանել նոր, ժամանակավոր կառավարության աշխատանքը, ինչը ավելի վարկաբեկեց նրան հեղափոխական զանգվածների աչքերում: Եվ այս ամենը արվում էր Սերժ Սարգսյանի գիտությամբ ու չերևացող մասնակցությամբ։

ՀՀԿ-ի վերնախավում քիչ չեն եղել մարդիկ, որոնք անիմաստ են համարել մասնակցությունը դեկտեմբերի 9-ի ընտրություններին, սակայն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին դեմքերը պնդել են հակառակը: Նույն այդ մարդիկ հորդորել են Սերժին չառաջադրվել վարչապետի պաշտոնում:

Այսօր Սերժ Սարգսյանից դժգոհ են առաջին հերթին մտերիմ ընկերները, որովհետև նրանք խաբված, քաշված ու հիմարացած են զգում։

Սերժ Սարգսյանի առաջնորդ մնալը ՀՀԿ-ում չի տեղավորվում քաղաքագիտական որևէ տրամաբանության մեջ: ՀՀԿ-ն Սերժով ու այս դեմքով անելիք չունի այլևս:

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել