Ազգային ժողովի 11 հանձնաժողովների նախագահներն ընտրվեցին

Խորհրդարանը հունվարի 18-ին ընտրեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին։

11 մշտական հանձնաժողովներից 8-ը կղեկավարեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կղեկավարի նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը։ Ռուբինյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 117, դեմ՝ 12 պատգամավոր։

Պետա-իրավական մշտական հանձնաժողովը կղեկավարի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Վերջինիս Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարն էր։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 122, դեմ՝ վեց հոգի։

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Անդրանիկ Քոչարյանը։ Նա եղել է պաշտպանության փոխնախարար, նաև՝ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ։ Քոչարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 122, դեմ՝ չորս պատգամավոր, երեք քվե համարվել է անվավեր։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Թունյանը երկար տարիներ զբաղվում էր տնտեսական լրագրությամբ։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 123, դեմ՝ վեց պատգամավոր։

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դարձավ «Իմ քայլը»-ի մեկ այլ պատգամավոր՝ Նարեկ Զեյնալյանը։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 112, դեմ՝ 16 պատգամավոր, ևս մեկ ձայն համարվել է անվավեր։

Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովը կղեկավարի «Իմ քայլը»-ից պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ Սփյուռքի նախկին նախարարը։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 116, դեմ՝ 11, երկու քվե համարվել էր անվավեր։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը։ Նրան կողմ է քվեարկել 108, դեմ՝ 17 պատգամավոր։ Չորս քվեաթերթիկ համարվել է անվավեր։ Եղոյանը պատգամավոր դառնալուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարն էր։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վարազդատ Կարապետյանը։ Նա նակինում տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարն էր, ապա՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը։ Կարապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 127, դեմ՝ երկու պատգամավոր։

Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա թեկնածությանը ևս կողմ է արտահայտվել 127, դեմ՝ երկու պատգամավոր։

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ ընտրվել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 122, դեմ՝ վեց պատգամավոր։

Ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Մանե Թանդիլյանը, որը պայքարում էր նաև ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնի համար; Թանդիլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 116, դեմ՝ 10 պատգամավոր, երեք քվեաթերթիկ համարվել է անվավեր։ Թանդիլյանը եղել է նաև Փաշինյանի կառավարության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել