Գլխավոր քարտուղարը ողջունում է հունվարի 16-ին Փարիզում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։
«Գլխավոր քարտուղարը կարևորում է կողմերի շարունակական հանձնառությունը գտնելու բանակցային և խաղաղ լուծում Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության համար և հատկապես ողջունում է նախարարների համաձայնությունը՝ բնակչությանը խաղաղության պատրաստելու ուղղված կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը։
Գլխավոր քարտուղարը վերահաստատում է Միավորված ազգերի կազմակերպության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին»,- ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում։
***
Հունվարի 16-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։
«Տեղի ունեցավ մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը: Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը»,- նշված է Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։