«Ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ»

Թուրքական զինվորականությանը և ամբողջ Թուրքիան ցնցեց 2004թ. փետրվարին «Ակօս»-ում հրապարակված, ապա և թուրքական ամենամեծ տպաքանակ ունեցող «Հուրիյեթ» օրաթերթում արտատպված հոդվածը հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակի` Սաբիհա Գյոքչենի մասին: Լրագրողներ Տիրան Լյոքմագյոզյանը և Հրանտ Դինքը «Սաբիհա-Խաթունի գաղտնիքը» հոդվածում համարձակություն ունեցան բացահայտ գրելու, որ թուրք առաջին կին օդաչուն և՛ հորական, և՛ մորական կողմից հայ է:

Թուրքիայի հայ համայնքում խոսվել, իսկ սփյուռքահայ մամուլում ժամանակ առ ժամանակ գրվել էր, որ Սաբիհան իրականում Խաթուն Սեբիլջյան անունով հազարավոր իսլամացված և թուրքացված հայ որբերից մեկն էր, որի հորը թուրքերը սպանել էին Հայոց ցեղասպանության ընթացքում, և աղջնակը հայտնվել էր Բուրսայի որբանոցում, ապա որդեգրվել Աթաթուրքի կողմից 1925 թվականին, երբ աղջիկը 12 տարեկան էր:

Հրանտ Դինքը գրեց. «Ակօս»-ում մեր զետեղած տեղեկությունն այն մասին, որ Աթաթուրքի հոգեդուստր Սաբիհա Գյոքչենը հայկական ծագում ունի, սվիններով ընդունվեց, ապացուցելով, որ եթե Թուրքիայում հնարավոր է խոսել 1915-ի զոհերի մասին, ապա վերապրածների մասին երբեք հնարավոր չի լինի»:

Հրապարակումից հետո Թուրքիայում այնպիսի աղմուկ էր բարձրացել, որ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Դեյվիդ Առնեթը հարկ համարեց այդ մասին պետքարտուղարությանը տեղեկացնել խորհրդապահական հաղորդագրությամբ: Համաձայն «Վիկիլիքսի», հյուպատոսը 2004թ. մարտին գրել է, որ Գյոքչենի` ազգությամբ հայ լինելու մասին հրապարակումները «ռասիստական այլանդակ դրսևորումների» տեղիք տվեցին, սակայն «առավել մտահոգիչ է» այն, որ թուրք ծայրահեղ ազգայնականները հակաքարոզչական արշավի «թիրախ դարձրին անձամբ Դինքին»: Ազգայնականների հարձակումներից «ցնցված և վիրավորված» հայազգի խմբագրապետը ամերիկացի դիվանագետի հետ զրույցում նշել է, որ քննարկում է թերթի լույս ընծայումից հրաժարվելու տարբերակը:

Դինքը սպանությունից` 2007թ. հունվարի 19-ից երկու օր առաջ հարցազրույց էր տվել ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը: Դա 54-ամյա պոլսահայ լրագրողի վերջին հարցազրույցն էր:

««Ակօս» թերթում դուք հանդես եք գալիս ի պաշտպանություն Թուրքիայի ոչ միայն հայ, այլև բոլոր փոքրամասնությունների: Չե՞ք վախենում» հարցին Դինքը պատասխանել էր.

«Իհարկե, վախենում եմ: Եթե ուզում եք իմանալ, այդ վախը ինձ հետապնդում է ամեն օր: Դուք երբևէ հետևե՞լ եք աղավնուն: Նա ամբողջ ժամանակ գլուխն է պտտում, ցնցվում է յուրաքանչյուր շրշյունից և պատրաստ է նվազագույն առիթի դեպքում թռչել հեռու: Դա չի կարելի կյանք անվանել, միայն թե ես, ի տարբերություն աղավնու, ոչ մի տեղ չեմ կարող թռչել»:

Իսկ թե ինչու Հրանտը չի հեռանում Թուրքիայից, պատասխանել էր.

«Ես ուզում եմ պայքարս շարունակել այստեղ: Այս երկրում ապրել են իմ նախնիները, այստեղ են իմ արմատները, և ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ»:

Հրանտ Դինքի վերջին հոդվածը`«Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման», տպագրվեց նրա սպանությունից հետո:

Այդ հոդվածը լիովին պատկերում է Թուրքիայի քաղաքացի հայ մարդու հոգեվիճակը մոտալուտ սպանության նախօրեին:

«Ամենևին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները: Եղել են պահեր, որ լրջորեն մտածեմ երկրից հեռանալու մասին: Հատկապես այն ժամանակ, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս: Այդ պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել: Ահա այսպիսի անելանելի պահերին ապաստանեցի ընտանիքիս, երեխաներիս և ամենամեծ աջակցությունն էլ նրանցից ստացա: Ես որտեղ լինեմ, նրանք էլ լինելու էին այնտեղ: Եթե ասեի`«գնանք», գալու էին, «մնանք»` կմնային: Շատ բարի, բայց ո՞ւր գնալ: Հայաստա՞ն: Ինչպես կարող էր ինձ նման մեկը, որն ընդվզում է անօրինականությունների դեմ, հանդուրժել այնտեղ կատարվող անօրինականությունները: Գուցե այնտեղ ինձ ավելի մե՞ծ փորձություններ էին սպասում: Իսկ եվրոպական երկրներ գնալը ինձ համար չէր… Եթե մենք ստիպված ճամփա բռնեինք… Ճանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915-ին… Մեր պապերը… Առանց իմանալու դեպի ուր… Քայլելով այն ճանապարհներով, ինչ ոտաբոբիկ իրենք են անցել… Տանջվելով և ապրելով նրանց վիշտը… Ահա այսպիսի կանխազգացողությամբ լքելու էինք հայրենիքը: Գնալու էինք այնտեղ, որտեղ կտանեին մեր ոտքերը, այլ ոչ թե սիրտը կկամենար… Հավանական է, որ 2007-ն ինձ համար ավելի ծանր տարի լինի»:

2007 թվականի այս օրը՝ հունվարի 19-ին, իր խմբագրատան առաջ սպանվեց պոլսահայ լրագրող Հրանտ Դինքը: Ստամբուլում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, պարզեցին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք» գրություններով պաստառներ: Նրա հուղարկավորությունը, որին մասնակցեց ավելի քան 100 հազար մարդ, լուռ բողոք էր ընդդեմ թուրքական ժխտողականության:

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել