Եվրոպական Միության արտաքին գործերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին։
«Վերջին ամիսների ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո արտաքին գործերի նախարարների հանդիպումները, ամենավերջինը՝ Փարիզում՝ հունվարի 16-ին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու դրական ազդանշան են հաղորդում»,- ասված է Մոգերինիի խոսնակ Մայա Կոսիյանչիչի՝ հունվարի 18-ին տարածած հայտարարությունում։
«Եվրոպական Միությունն ակնկալում է այդ հանդիպումների արդյունքների ամբողջական իրագործումը, այդ թվում՝ արտգործնախարարների՝ իրենց բնակչություններին խաղաղության պատրաստելու ուղղությամբ կոնկրետ քայլերը, որոնք նոր թափ կհաողրդեն բանակցություններին»,- ասված է հայտարարությունում։
Հայտարարությունում նաև նշվում է, որ Եվրոպական Միությունը շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին։
Արտգործնախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի փարիզյան հանդիպումը ողջունել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Հայաստանի և Ադբրեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը հունվարի 16-ին հանդիպեցին Փարիզում՝ կարևորելով կոնկրետ քայլերի իրականացումը իրենց հասարակություններին խաղաղության պատրատելու ուղղությամբ։
Կարդացե՛ք ավելին՝
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Սաթենիկ Հակոբյան
Լուսանկարում՝ Ֆեդերիկա Մոգերինին (www.politico.eu)