Նախագահը նախարարներ է նշանակել

Վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել և նշանակել կառավարության անդամների։

Արտաքին գործերի նախարար է նշանակվել Զոհրաբ Մնացականյանը։

Բնապահպանության նախարար է նշանակվել Էրիկ Գրիգորյանը։

Արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Ֆելիքս Ցոլակյանը։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Հակոբ Արշակյանը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Տիգրան Խաչատրյանը։

Ֆինանսների նախարար է նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը։

Առողջապահության նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը։

Արդարադատության նախարար է նշանակվել Արտակ Զեյնալյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Զարուհի Բաթոյանը։

Պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել Սուրեն Պապիկյանը։

Կրթության և գիտության նախարար է նշանակվել Արայիկ Հարությունյանը։

Զարուհի Բաթոյանը նոր կառավարության միակ կին անդամն է։Բացի Զարուհի Բաթոյանից, բոլոր մյուսները վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Բաթոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն էր և այդ պաշտոնից ազատման դիմում էր գրել նախօրեին։ 

Զարուհի Բաթոյանը նոր կառավարության միակ կին անդամն է։

Ավելի վաղ նախագահը նշանակել էր վարչապետին, երկու փոխվարչապետերին։ 

Հունվարի 17-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը ձևավորման գործընթացում է, և զուգահեռ քննարկում են կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր։ Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-ը:

«Մենք կգնանք այդ ճանապարհով՝ կառավարության անդամների 2/3-ը կնշանակվի, 1/3-ը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը: Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է, և ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Ակնկալվում է, որ նոր կառավարության կառուցվածքում կլինի 12 նախարարություն՝ նախորդ 17-ի փոխարեն։ Վերացվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Նախատեսվում է նաև, որ որպես առանձին նախարարություններ չեն գործի՝

Սփյուռքի նախարարությունը,

մշակույթի; սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները, որոնք միանում են կրթության և գիտության նախարարությանը,

Էներգետիկայի նախարարությունը, որը միանում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը,

գյուղատնտեսության նախարարությունը, որը միանում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը։

տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանվելու է և դառնալու է տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն։

Սաթենիկ Հակոբյան