Հանգստյան օրերին պոլիկլինիկակաները բաց կլինեն

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ, պայմանավորված հանրապետությունում առկա սուր շնչառական վարակների ակտիվությամբ, հանգստյան օրերին՝ հունվարի 19-ին և 20-ին, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում իրականացվելու է հերթապահություն։

Նախարարությունը նաև ներկայացրել է վերջին օրերի վիճակագրությունը, որի համաձայն՝ դիտվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում։ 

Հունվարի 18-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 766 հիվանդ, շտապօգնության 98 կանչ: Թեթև աշխուժացում է նկատվել պոլիկլինիկական կազմակերպություններում՝ 1 776, ինչը պայմանավորված է հիվանդության վաղ շրջանում բնակչության ակտիվ դիմելիությամբ:

Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է«համաճարակային ֆիլտրի» իրականացումը: 2019 թվականի հունվարի 18-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 386 երեխա (Երևան՝ 162, մարզեր՝ 224): Բոլոր երեխաները հետ են ուղարկվել:

Շարունակվում է  նաև դպրոցների և մանկապարտեզների ջերմային ռեժիմի նկատմամբ վերահսկողությունը: Բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային  կառավարման մարմիններին: