Սերժ Սարգսյանն ունի և՛ ասելիք, և՛ անելիք. Էդուարդ Շարմազանով

Սերժ Սարգսյանն ունի և՛ ասելիք, և՛ անելիք․ այսպիսի հայտարարություն է արել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում։

Հունվարի 18-ի երեկոյան Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո Շարմազանովը լրագրողներին ասել, որ նիստի ընթացքում քննարկել են ներկուսակցական խնդիրներ։

Նա նշել է, որ ՀՀԿ-ի նախագահի փոփոխության հարց օրակարգում չկա․ «Սերժ Սարգսյանն ունի և՛ ասելիք, և՛ անելիք։ Տեղյակ եք, որ կուսակցությունն այլևս ընդդիմություն է, մենք ունենք մեր կուսակցական խնդիրները, որևէ արտառոց բան չկա»։

Շարմազանովն անդրադարձել է նաև դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքում ՀՀԿ-ն, թեև զբաղեցրել էր 4-րդ տեղը, սակայն չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու 5 տոկոսանոց շեմը։

Նա նշել է, թե որևէ ընտրության ժամանակ որևէ ուժի նկատմամբ այդքան հակաքարոզ չի եղել, և համարել է, որ այդ օրը եղել է ՀՀԿ վերածննդի օրը։

«ՀՀԿ-ն ապացուցեց, որ իշխանափոխությունից ինը ամիս անց ինքը կայացած քաղաքական կառույց է, բնականաբար՝ ոչ այն ազդեցությամբ, որ կարող էր ունենալ, բայց ինքը և՛ ասելիք ունի, և՛ անելիք ունի։ Եվ ինչպես ես ասել եմ ապրիլի 24-ին՝ Հանրապետականը եղել է, կա ու կլինի»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։

Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, Շարմազանովն ասել է, որ իրենք պարբերաբար արտահայտում ենք իրենց կարծիքը, որը չի տարբերվում կուսակցության գնահատականներից․

«Վարչապետը տվել է թռիչքային զարգացման խոստում, զարգացում չկա։ Նա տվել է կախարդական փայտիկով զարգացում՝ չկա»,- ասել է Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը քննադատել է նաև ներկա կառավարության քաղաքականությունը Ղարաբաղի հարցում։ Անդրադառնալով հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ նա ասել է․

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարությունը բավարար չէ։ Այստեղ երեք սկզբունքների մասին խոսք չկա, ինքնորոշման իրավունքի վերաբերյալ խոսք չկա։ Ավելին՝ Փաշինյանն ասում է, որ բանակցային գործընթաց չկա, բայց չորս ժամ ինչ են արել, եթե բանակցային գործընթաց չկա»։

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել