Բաքվում տեղի է ունեցել վերջին տարիների խոշորագույն բողոքի ցույցը

Հունվարի 19-ին Բաքվում տեղի է ունեցել ընդդիմության մեծ հավաք, որին պաշտոնական տվյալներով մասնակցել է 2800 մարդ, ընդդիմության պնդմամբ՝ 20 հազար մարդ, JAMnews լրատվականի տվյալներով՝ մոտ 7000 մարդ։ 

Ցուցարարները դիմել են իշխանություններին՝ պահանջելով ազատ արձակել բլոգեր Մեհման Հուսեյնովին և մյուս քաղբանտարկյալներին։ Իշխող վերնախավին մեղադրել են կոռուպցիայի և բռնատիրության, ղարաբաղյան հարցում «խաղաղասիրության» մեջ։

Հարթակից ելույթներով են հանդես եկել «Մուսավաթ», ՌԵԱԼ, Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցությունների ներկայացուցիչները։ ՌԵԱԼ կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի կարծիքով՝ իշխանությունները երկրի խնդիրները լուծելու փոխարեն սկզբունքների պայքար են մղում երիտասարդ ակտիվիստների դեմ։

Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, հավաքն անցել է լարված հուզական պայմաններում։

Ադրբեջանական լրատվամիջոցները շեշտում են, որ վերջին հավաքը խոշորագույնն էր վերջին տարիներին։

26-ամյա բլոգեր Մեհման Հուսեյնովը հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 26-ին՝ ի նշան իր դեմ նոր մեղադրանքների դեմ բողոքի։ Ի աջակցություն Մեհմանի մի շարք քաղբանտարկյալներ, լրագրողներ և ակտիվիստներ նույնպես հացադուլ են հայտարարել։

Հունվարի 17-ին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև՝ պահանջելով Ադրբեջանի իշխանություններից «անհապաղ ազատ արձակել Մեհման Հուսեյնովին և հանել նրա դեմ մեղադրանքները»։