«Նաիրի Ինշուրանսը» պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս․ ՊԵԿ

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-Ն, ըստ նախանական հաշվարկի, պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս, հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝ «2016-2017 թվականների ընթացքում Նաիրի Ինշուրանս ապահովագրական ՍՊԸ ղեկավար անձինք շահառուների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումն արհեստականորեն ձևակերպել են որպես ապահովագրական միջնորդ հանդիսացող տարբեր անձանց անուններով և դրանց դիմաց դուրս գրել ապահովագրական միջնորդավճարներ:

«Ապահովագրական միջնորդ հանդիսացող անհատ ձեռնարկատերերը եղել են Նաիրի Ինշուրանս ապահովագրական ՍՊԸ նախկին աշխատակիցներ, ինչպես նաև ընկերության հետ առնչություն ունեցող այլ անձինք, որոնք փաստացի ապահովագրական միջնորդային գործունեություն չեն ծավալել, սակայն վերջիններիս անվամբ, որպես ապահովագրական պոլիսների կնքման համար հասանելիք միջնորդավճարներ, Նաիրի Ինշուրանս ապահովագրական ՍՊԸ-ի կողմից փոխանցվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Արդյունքում, որպես միջնորդավճար փոխանցված գումարները Նաիրի Ինշուրանս ապահովագրական ՍՊԸ-ի կողմից ներառվել են 2016-2017 թվականների հաշվետու տարիների համար հարկային մարմին ներկայացված հաշվարկների ծախսային հոդվածի մեջ, նշված գումարների չափով նվազեցվել է հարկվող շահույթը, ինչի հետևանքով, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է մոտ 200 միլիոն ՀՀ դրամ գումարի վնաս (առանց տույժ և տուգանքների):

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

Աղբյուրը՝ Պետական եկամուտների կոմիտե

Մեկնաբանել