Փաստաբանները պնդում են՝ Քոչարյանի իրավունքները խախտվել են

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պնդում է, որ դատարանը «կոպիտ կերպով խախտում է» պաշտոնաթող նախագահի իրավունքները։

Հունվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին։ Պաշտպանները պնդում են, որ որոշումն առ այսօր չի տրամադրվել իրենց:

Քոչարյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ դատական ակտը կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանի աշխատակազմից տեղեկացրել են, որ դատական ակտը դեռ պատրաստ չէ, իսկ այն տրամադրելու ժամկետի մասին ոչինչ չեն կարող հայտնել:

«Հիշեցնենք, որ դեռևս 18.01.2019 թ․ պաշտպանների կողմից նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, սակայն դատական ակտը պաշտպաններին, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին չտրամադրելով ընդհանուր իրավասության դատարանը խոչընդոտում է բողոքարկման իրավունքի իրացումը՝ անհարկի ձգձգելով վերաքննիչ ատյանում գործի քննության ժամկետները:

Պաշտպանական խումբն արձանագրում է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների հերթական կոպիտ խախտումը դատարանի կողմից՝ միաժամանակ արձանագրելով ներպետական դատական ատյանների անարդյունավետությունը»,- ասված է հայտարարության մեջ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է. «Որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկում է նրանց»։

Մեկնաբանել