ԱԳՆ-ն «փորձելու է հնարավորինս չանդրադառնալ բոլոր մերկապարանոց մեղադրանքներին»

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է հրապարակել դիվանագիտական ծառայության հասցեին հնչող քննադատության վերաբերյալ։

«Արձագանքելով վերջին շրջանում Հայաստանի դիվանագիտական ծառայության արհեստավարժությունը կասկածի տակ դնող մի շարք հայտարարություններին՝ կցանկանայինք ընդգծել, որ արտգործնախարարությունը փորձելու է հնարավորինս չանդրադառնալ բոլոր մերկապարանոց մեղադրանքներին, քանի որ երբ դրանք զուրկ են որևէ հիմքից ու փաստից, ապա անհասկանալի է, թե ինչին պետք է վերաբերի մեր պատասխանը` նման մեղադրանքների դատարկությանը, թե դրանք արտաբերող անձանց կողմից հետապնդվող իրական նպատակներին: Երկու դեպքում էլ բանավեճի մեջ ներքաշվելը համարում ենք մեր ժամանակի ու ուժերի անիմաստ վատնում:

Անցյալ շաբաթ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Ազգային ժողովում ելույթ ունենալով քննադատություն էր հնչեցրել Հայաստանի դեսպանների հասցեին՝ ասելով, որ «տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունն արտերկրում դեսպաններ է նշանակել կասկածելի կենսագրություն, քրեական անցյալ ունեցող անձանց»։ Բաբաջանյանի համոզմամբ՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը (Սերժ Սարգսյանի փեսան) լավագույն դեսպաններից է եղել:

Սաթենիկ Հակոբյան