Ադրբեջան․ Մեհման Հուսեյնովի գործի շուրջ

Ադրբեջանցի դատապարտված իրավապաշտպան, բլոգեր Մեհման Հուսեյնովը դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով նրա միջամտությունը՝ իր գործի քննության «անաչառություն ապահովելու և արդար որոշում կայացնելու նպատակով»։ Այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Հուսեյնովի դեմ նոր քրեական գործը կասեցվել է։

Հունվարի 18-ին ադրբեջանցի մի խումբ իրավապաշտպաններ նամակ են հղել Ալիևին՝ ընդգծելով վերջինիս «մշտական հանձնառությունը մարդասիրության բարձր սկզբունքին և խնդրելով բարեգթություն ցուցաբերել Մեհման Հուսեյնովի հանդեպ»։

«Դիմումները ներկայացվել են Ադրբեջանի Հանրապետության նախագահի ուշադրությանը, պարոն նախագահը անհապաղ արձագանքել է դրանց։ Հարգարժան նախագահը հանձնարարել է գլխավոր դատախազին, հաշվի առնելով դատապարտված բլոգերի երիտասարդությունը, այն, որ արդեն երկու տարի է՝ պատիժ է կրում, ընտանեկան դրությունն ու հոր տարեց լինելը, Հուսեյնովի գործում առաջին պլան մղել մարդասիրության սկզբունքը, ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ քննության անկողմնակալ և արդար անցկացման համար»,- փոխանցում է Azertag գործակալությունը։

Մեհման Հուսեյնովի գործի մասին

26-ամյա Մեհման Հուսեյնովը ադրբեջանցի իրավապաշտպան է, լրագրող, որը զբաղվել է Ադրբեջանում կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմամբ։ Մինչև ձերբակալությունը Ֆեյսբուքում վարել է Sancaq կոչվող էջը, որը տվյալ պահին ունի ավելի քան 340 հազար հետևորդ։ Նրա գրառումներն ու հրապարակումներն առանձնանում էին հեգնական ոճով, ամենամեծ տարածումն ունեին կոռուպցիայի վերաբերյալ հոլովակները։ Ներկայում էջը վարում են Հուսեյնովի համախոհները։ Մեհմանը նաև գլխավորում է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ իրավապաշտպան կազմակերպությունը։

2017-ի հունվարին Մեհմանը ձերբակալվել էր հասարակական կարգի խախտման և ոստիկանությանը չենթարկվելու համար, դատապարտվել 117 դոլարին համարժեք տուգանքի։

Հուսեյնովի խոսքով՝ ինքը չի խախտել հասարակական կարգը։ Նա պատմել է, որ բերման ենթարկելիս ոստիկանները փակել են իր բերանը, գլխին պարկ հագցրել, այնուհետև ծեծել և ենթարկել էլեկտրաշոկի։

Նույն տարվա մարտին ոստիկանության հայցով բլոգերը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման «զրպարտության համար, որին միացվել է ծանր կամ առանձնակի ծանր հանցագործության մեղադրանքը»։

Հուսեյնովը փորձել է բողոքարկել դատավճիռը, սակայն Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել որոշումը։

2018-ի դեկտեմբերի 26-ին՝ ժամկետի լրանալուց երկու ամիս առաջ, բլոգերին նոր մեղադրանք են առաջադրել՝ գաղութի աշխատակցին ծեծելու և իր մոտ գումար պահելու համար։ Տվյալ մեղադրանքները համարելով շինծու՝ բլոգերը հացադուլ է հայտարարել, նրա առողջական վիճակը վատթարացել է։

Անսալով հարազատների խնդրանքին՝ Մեհմանը սկսել է կաթ խմել և յոգուրտ ուտել։ Հունվարի 8-ին նրա փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը մտադիր չէ ամբողջությամբ դադարեցնել հացադուլը։

Ի համերաշխություն Հուսեյնովի՝ նրա համախոհները, ընկերները նույնպես հացադուլ են հայտարարել։ Սոցիալական մեդիայում շրջանառվում է #FreeMehman հեշթեգը։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել բլոգերի հետապնդումը՝ մատնանշելով նրա դեմ ապացույցների ոչ համոզիչ լինելը։

Ի պաշտպանություն Հուսեյնովի հանդես են եկել «Լրագրողներ առանց սահմանների» և PEN America իրավապաշտպան կազմակերպությունները։

Հունվարի 17-ին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև՝ Ադրբեջանի իշխանություններից պահանջելով «անհապաղ ազատ արձակել Մեհման Հուսեյնովին և հանել նրան դեմ նոր մեղադրանքները»։

Հունվարի 19-ին Բաքվում տեղի է ունեցել բողոքի զանգվածային ակցիա, որի ընթացքում հնչել են Հուսեյնովին և քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչեր։

Ադրեջանի իրավապաշտպանների տվյալներով՝ երկրի բանտերում գտնվում է ավելի քան 100 քաղբանտարկյալ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել