2019-ը ԵՄ-ի հետ հարաբերությունների առաջընթացի տարի կլինի․ Թաթուլ Մարգարյան

Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը, որից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԵՄ բարձր գնահատականը լավ հիմք է հանդիսանում քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների, ժողովրդավարության և մի շարք այլ կարևոր ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման համար:

2019թ. համար ուրախ ենք արձանագրել, որ արդեն տարվա սկզբին ունենք ձևավորված բավական հավակնոտ օրակարգ: Առանց փակագծերը բացելու կարող եմ հավաստիացնել, որ այս տարին նշանավորվելու է նաև ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական երկխոսության բարձր մակարդակով և ինտենսիվությամբ: Արդեն իսկ մոտ օրերս մեկնարկ կտրվի մի շարք բարձրաստիճան փոխայցելությունների, որոնք նոր լիցք կհաղորդեն Համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

Եթե 2018թ. շատ հարցերում նորորակ՝ առավել ընդլայնված և համապարփակ համագործակցության հիմքերի մշակման տարի էր՝ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզ, Գործընկերության Խորհրդի, Կոմիտեի և Խորհրդարանական գործընկերության կոմիտեի մեկնարկային հանդիպումներ, ապա 2019թ. ակնկալվում է, որ կլինի Համաձայնագրի դրույթների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթով սահմանված նպատակների իրականացման շրջան:

Տարվա ընթացքում նախատեսվում են նաև կարևոր զարգացումներ ԵՄ հետ բազմակողմ՝ Արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցության տեսանկյունից: 2019թ. լրանալու է այս ձևաչափի մեկնարկի 10-ամյակը: Հայկական կողմը, որը մշտապես աչքի է ընկել Արևելյան գործընկերության ձևաչափում ակտիվ ներգրավվածությամբ, իր ներդրումը կբերի նաև 10-ամյակի նշանավորման հարցում: Ներկայում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ մի շարք ծրագրերի շուրջ:

Հայաստանում նորընտիր խորհրդարանի աշխատանքների մեկնարկով և 2019թ. մայիսի 23-26-ին Եվրոպական Խորհրդարանի համաեվրոպական ընտրություններով պայմանավորված՝ տարին խոստանում է բավական կարևոր և հագեցած լինել նաև ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության տեսանկյունից: Պետք է դրվեն նորակազմ խորհրդարանների միջև համագործակցության հիմքերը՝ էլ ավելի զարգացնելով առկա դրական ավանդույթները:

Այսպիսով, 2019թ. ՀՀ-ԵՄ հարաբերություններն իրենց ակտիվությամբ, բովանդակությամբ և կարևորությամբ խոստանում է լինել առաջընթացի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում համագործակցության խորացման ժամանակաշրջան»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Մեկնաբանել