«Իմ և Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնության անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ։ Մենք նաև բաց ենք լինելու ձեր հնչեցրած առաջարկությունների և քննադատության հանդեպ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ էր հղել Ստեփանակերտում ընթացող ՀՅԴ Ընդհանուր ժողովին։ Դաշնակցական լրատվամիջոցները հրապարակել էին լուրը՝ նշելով, որ վարչապետը ՀՅԴ Ընդհանուր ժողովի 5-րդ օրն է միայն ստացել վարչապետ Փաշինյանի ուղերձը։ Ուղերձի տեքստը, սակայն, չէր հրապարակվել։
«Հրապարակ» թերթը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ուղերձի տեքստը ՀՅԴ Ընդհանուր ժողովին։
«Ողջունում եմ Հայ Հեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովի պատգամավորներին և հյուրերին: ՀՅԴ-ն անցել է պատմական մեծ ուղի՝ հերոսական ու ողբերգական, երբեմն՝ հակասական ու վիճելի, երբեմն՝ միարժեքորեն իրավացի, հաճախ՝ հալածված, բայց միշտ կիսել է իր ժողովրդի ճակատագիրը։
Բացառիկ է Դաշնակցության դերը աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության պահպանման, գաղթօջախների կազմակերպման, հայկական կառույցների կայացմանգործում։ Հայ Հեղափոխական Դաշնակցության վերադարձը, նրա վերընձյուղումը մայր հայրենիքում, ինչպես դուք եք ավելի ճշգրիտ բնորոշում, կարևոր իրադարձություն էր ոչ միայն կուսակցության, այլև ողջ հայության և հատկապես Հայաստանի և Արցախի քաղաքական կյանքում։
Ընդհանուր ժողովին մաղթում եմ հաջող ընթացք, արդյունավետ աշխատանք, նաև իմաստուն ու հեռատես որոշումների ընդունում։ Ժողովի մասնակիցներին, ինչպես նաև Դաշնակցության ընտանիքի բոլոր անդամներին մաղթում եմ հաջողություններ՝ իրենց հայրենանվեր գործերում։ Իմ և Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնության անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ։ Մենք նաև բաց ենք լինելու ձեր հնչեցրած առաջարկությունների և քննադատության հանդեպ։
Հուսով եմ, որ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովից հետո Դաշնակցությունն իր անդամներին, համակիրներին և ողջ հայությանը կներկայանա ոչ միայն իր մեծ՝ 129-ամյա փորձով, հարուստ ավանդույթներով, այլև նոր լիցքերով, թարմ գաղափարներով և երիտասարդ ոգով»։
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովը գումարվել է Ստեփանակերտում, հունվարի 16-ին և տևելու է մինչև հունվարի 24-ը։
Ընդհանուր ժողովի մեկնարկին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և կուսակցության փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ չի առաջադրելու իր թեկնածությունը Բյուրոյում։
Սաթենիկ Հակոբյան
Կարդացե՛ք նաև՝
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի նախօրեին
ՀՅԴ Ընդհանուր ժողովն Արցախում անցկացնելը խորհրդանշական իմաստ ունի. Արմեն Ռուստամյան
Հրանտ Մարգարյանը չի առաջադրի իր թեկնածությունը ՀՅԴ Բյուրոյում