Չարորակ հիվանդությունների վիրահատությունը կլինի պետության հաշվին․ նախարար

Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի: Նման վիրահատությունների համար մի շարք բուժհիմնարկներում պետությունը գումարը կվճարի ամբողջությամբ: Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հաղորդում է Արմենպրեսը:

«Մենք այս տարի ունենք մոտ 700 միլիոն դրամի աճ  ուռուցքաբանական ծառայությունների համար, դա ավելացել է անցյալ տարվա 1,1 մլրդ դրամի վրա: Մենք քննարկումների արդյունքում եկանք նրան, որ պետք է մեղմենք քաղաքացիների վրա եղած բեռը, համավճարի մասին է խոսքը: Առաջ պետությունը ուռուցքաբանական վիրահատության համար վճարում էր գումարի շատ քիչ մասը: Եվ տրամաբանական չէր դա կոչել պետպատվեր: Հիմա որոշվել է, որ այդ գումարի մեծ մասը  ծախսվելու է համավճարը հանելու համար: Հիմա, եթե կարիք կլինի ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ապա վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի»,- ասել է Թորոսյանը:

Նա նշել է, որ պետությունը կփոխանցի գումարն ամբողջությամբ ու շուկայական գներով։

Աղբյուրը՝ Արմենպրես