Ալիևի հետ քննարկման հիմնական առանցքը այն ամենն է, ինչի մասին խոսում ենք նաև հրապարակային․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ երեկ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ոչ պաշտոնական հանդիպմանը և այդ առնչությամբ հնչող հարցադրումներին, մասնավորապես, թե արդյոք այդ հանդիպումը նախօրոք ծրագրված էր և ինչու չի հրապարակվում ոչ պաշտոնական այդ շփման բովանդակությունը։

Փաշինյանը պարզաբանեց, որ երեկվա հանդիպումից հետո տեղի է ունեցել մի քանի միջոցառում, և միայն հիմա է ժամանակ գտնում ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել։

Ինչո՞ւ նախապես չի հայտարարվել, և արդյոք պլանավորվա՞ծ էր հանդիպումը հարցադրմանն ի պատասխան վարչապետն ասաց, որ սա իրենց երրորդ հանդիպումն էր, և ինչպես նախորդները՝ Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում, այս մեկը նույնպես նախօրոք ծրագրված չէր․ պարզապես այդպես է ստացվել և ղեկավարներն օգտագործել են առիթը։

Վարչապետի խոսքով՝ ընդհանրապես առկա է այն խնդիրը, թե ինչպիսին պետք է լինի իրենց մոտեցումը այն միջոցառումներին, որոնց երկուսն էլ մասնակցում են և հաճախ դուրս են գալիս դեմ դիմաց։ Համանախագահների հետ համատեղ քննարկվել է այն հարցը, որ նմանատիպ միջոցառումներին առաջնորդներն առնվազն չեն խուսափում շփումներից։

«Դավոսի համաժողովի կազմակերպիչները, իմանալով, որ երկուսս էլ այստեղ ենք, հարցրել են, թե արդյոք դեմ չենք, մենք ասել ենք, որ դեմ չենք»,- պատմեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պայմանավորվել են առնվազն չխուսափել և երկու բառ փոխանակել։

Ինչ վերաբերում է բովանդակությանը, երեկվա քննարկման բովանդակությունը կապված էր բանակցային գործընթացի պատմության հետ՝ երբ, որտեղ, ինչ, ինչպես է տեղի ունեցել, քննարկել են հնարավորությունները և կարգավորման համատեքստում պայմանները։

«Այս համատեքստում ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկում, մտքեր ենք փոխանակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և նկատեց, որ «հիմնական առանցքը այն ամենն է, ինչի մասին խոսում են նաև հրապարակային»։

«Դավադրություններ լինել չեն կարող։ Ես այս թեմայով խոսել եմ նախկինում։ Դա իրավիճակի չընկալման հետևանք է»,- նշեց վարչապետը։

Կարդացեք՝ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել