Պարգևավճարը աշխատավարձի մաս է․ Նիկոլ Փաշինյան

Պետական կառավարման համակարգում պարգևավճարների թեմայի հետ կապված կա որոշակի թյուրըմբռնում․ Դավոսից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարգևավճարներն ու աշխատավարձերը վճարվում են պետական բյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց աշխատավարձերի և պարգևավճարների համար։ Պետական կառավարման համակարգում պարգևավճարը աշխատավարձի մաս է»,- պարզաբանեց նա։

«Երբ ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, եղել է ավանդույթ, իրողություն, որ ամեն եռամսյակը մեկ պետական կառավարման համակարգի աշխատողները կամ նրանց մի մասը ստացել է պարգևավճարներ»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը։

«Զավեշտալի է հետևել, թե ինչպես են որոշ պատգամավորներ քննադատում, թե մարզպետներն ու նրանց աշխատողները պարգևավճարներ են ստացել, այն դեպքում, երբ իրենք էլ ամեն տարի դրանից օգտվել են ու շարունակել են օգտվել նույնիսկ այն ժամանակ, երբ ԱԺ–ն արդեն լուծարված էր։ Այո, լուծարված ԱԺ պատգամավորները 13-րդ աշխատավարձ են ստացել»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ ինքը խոստացել է ՀՀ քաղաքացիների վիճակը վատացնող քայլեր չձեռնարկել, հետևաբար, չի զրկել պետական աշխատողներին ամեն տարի տրվող հավելավճարներից։ Եվ սա, նրա խոսքով, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի լուծել աշխատավարձերի հետ կապված հարցը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել