Հովիկ Աբրահամյանը Քննչական կոմիտեում բացատրություն է տվել

Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ գործով Քննչական կոմիտեում բացատրություն է տվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

««Հետք»-ի հոդվածի հիման վրա դեռևս նյութերի նախապատրաստման փուլում քննություն է տարվել ՔԿ-ում և դրա շրջանակներում ի թիվս այլ անձանց հրավիրվել են բացատրություն տալու նաև բարձրաստիճան պաշտոնատար նախկին անձինք, այդ թվում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը»,- ասաց Տռուզյանը։

Հրապարակումը «Հետք» կայքում կատարվել է 2018թ. սեպտեմբերի 28-ին։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման 2-րդ մասի համաձայն՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից 50.48 հեկտարից 36.48 հեկտարը փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին, իսկ 14.0 հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար: Մինչդեռ ՀՀ անտառային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական անտառները և անտառային հողերն ընդհանրապես ենթակա չեն օտարման, այդ թվում՝ համայնքներին:

ՔԿ-ի նախնական տվյալներով՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառային ֆոնդի անտառածածկ հողերը Կոտայքի մարզպետը 04.12.2006թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարին հասցեագրված գրությամբ ներկայացրել է որպես ոչ անտառածածկ ու առաջարկել փոխել դրանց կատեգորիան: Արդյունքում՝ օրենսդրության պահանջների խախտմամբ փոխվել է Հրազդան համայնքի անտառային ֆոնդի 50.48 հա հողատարածքի նպատակային նշանակությունը։

Որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին։

Գևորգ Թոսունյան