ԱԽ-ն հերքում է լուրը, թե Արմեն Գրիգորյանն ազատվելու է պաշտոնից և ընտրվելու է ԿԸՀ նախագահ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ պաշտոնից ազատվելու և ԿԸՀ նախագահ ընտրվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ ասված է քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանի տարածած հաղորդագրությունում։

«Վերջերս մամուլում պարբերաբար տարածվում են լուրեր, համաձայն որոնց՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և ընտրվելու է ԿԸՀ նախագահ:

Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 3 կետի համաձայն՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել այն անձը, որը համապատասխանում է պատգամավորին առաջադրվող պահանջներին:

Մինչդեռ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցել ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կազմում հենց այն պատճառով, որ չի համապատասխանում ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջներին։ Նա վերջին 4 տարիներին ՀՀ գրանցում չի ունեցել (գրանցված է եղել Արցախի Հանրապետությունում)»։

Մեկնաբանել