Կառավարությունը մտածելու է նաև քիմիաթերապիան անվճար դարձնելու մասին

Այսօր՝ հունվարի 24-ին տեղի ունեցած կառավարության նիստի մեկնարկին գործադիրն անդրադարձավ առողջապահության ոլորտի մի քանի հարցի։ Դրանցից մեկը չարորակ նորագոյացությունների վիրահատական միջամտությունների հարցն էր։

Նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Փաշինյանը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու ամենամյա՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով չարորակ նորագոյացությունների վիրահատական միջամտությունների հարցին, ասաց, որ նախկինում պետությունը վիրահատության գումարից փոքր մաս է փոխհատուցել, իսկ այս տարի ավելացվելու են այս հատվածի պետական ներդրումները։

«Մենք նախատեսել ենք մոտ 700 մլն դրամի աճ ուռուցքաբանության ոլորտի վրա, որի մեծ մասն ուղվելու է այդ համավճարը հանելուն, պացիենտները կարիք չեն ունենա վճարել դրա համար։ Մյուս տարիներներին մենք նույնպես այս եղանակով շարունակելու ենք, մտածելու ենք նաև քիմիաթերապիայի վրայից հանելու համավճարը և ճառագայթային թերապիայի վրայից հանելու»,- ասաց Թորոսյանը։

***

Հայաստանում չարորակ նորագոյացությունների գրանցման դեպքերը վերջին տարիներին մշտապես աճել են։ Ընդ որում, աճել են և՛ ինչպես կյանքում առաջին անգամ հայտնաբերված դեպքերը, և՛ ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդները։ Եթե 2000-ին գրանցվել է կյանքում առաջին անգամ հաստատված «չարորակ նորագոյացություն» ախտորոշումով 5 413 հիվանդ, ապա 2017-ին արդեն 8 389 հիվանդ՝ 55 տոկոսով ավել։

Իսկ տարեվերջին ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը 2000-ի 21 972-ից 2017-ին դարձել է 43 830, այսինքն աճել է ավելի քան երկու անգամ։

2017-ին նորագոյացություններից Հայաստանում մահացել է 5 597 մարդ, որից 5 550-ը կամ 99 տոկոսը կազմել են չարորակ նորագոյացությունները։ 

Գևորգ Թոսունյան