Դրոշմապիտակները կփոխվեն, որ կուլ տալիս երեխաներին բան չպատահի

Հունվարի 24-ին կառավարության նիստում որոշվեց փոխել ապրանքների վրա փակցված դրոշմաիտակները։

Վերջին օրերին սոցիալական ցանցերում թեման ակտիվ քննարկվում էր, որոշ ծնողներ դժգոհում էին, որ հատկապես պլաստմասե շշերի վրա տեղադրված դրոշմապիտակները հեշտ են պոկվում, և մանկահասակ երեխաները դրանք կուլ են տալիս։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ զրուցել են առողջապահության նախարարի հետ, պայմանավորվել են, որ դրոշմապիտակների ցելոֆանե հատվածը փոխելու են։

«Տեխնիկական որակները փոխել ենք, այդ ցելոֆանե պատյանի հաստությունը իջնելու է, այն ավելի ամուր է փակցվելու և լինելու է ավելի բարակ»,- ասաց Դավիթ Անանյանը։

ՊԵԿ նախագահը հայտնեց, որ արդեն մրցույթ են հայտարարել, ունեն հաղթող կազմակերպություն և առաջիկայում կիրականացնեն փոփոխությունները։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ եթե անգամ երեխան կուլ տա նոր դրոշմապիտակները, նրա կյանքին վտանգ չի սպառնա։

Նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետ Փաշինյանը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։

Նիստի մեկնարկին գործադիրն անդրադարձավ նաև չարորակ նորագոյացությունների վիրահատական միջամտությունների հարցին։

Մեկնաբանել