Ինչ է կատարվում Վենեսուելայում

Վենեսուելան հայտնվել է ներքաղաքական ճգնաժամի մեջ` երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նախագահության դեմ բռնկված ցույցերի արդյունքում։ Պաշտոնական տվյալներով՝ երկրում բախումների արդյունքում զոհերի թիվը հասնում է յոթի։

2018թ. բոյկոտված ընտրություններից հետո, որոնք բազմաթիվ օտարերկրյա կառավարություններ հրաժարվեցին ճանաչել, 2019թ. հունվարի 10-ին Մադուրոն սկսեց իր նախագահության երկրորդ ժամկետը։

Մադուրոյի ղեկավարության ներքո արդեն մի քանի տարի է, ինչ Վենեսուելան հայտնվել է տնտեսական անկման մեջ։ Միլիոնավոր վենեսուելացիներ լքել են երկիրը՝ գերսղաճի և պարենի պակասի պատճառով։

Հունվարի 23-ին Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար, ընդդիմության առաջնորդ 35-ամյա Խուան Գուաիդոն իրեն հռչակել է ժամանակավոր նախագահ:

Գաուիդոյի՝ իր կողմնակիցների առաջ երդմնակալությունից կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ ճանաչել է նրան որպես երկրի ժամանակավոր նախագահ: Նրան հետևել են Կանադան, Բրազիլիան, Կոլումբիան, Արգենտինան։  Ի պատասխան, Մադուրոն խզել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները և ամերիկացի դիվանագետներին 72 ժամ տվել՝ լքելու երկիրը: Մադուրոյին աջակցություն են հայտնել Կուբան և Բոլիվիան։

Ըստ Վենեսուելայի սահմանադրության՝ եթե նախագահական աթոռը շարունակում է թափուր մնալ, 30 օրվա ընթացքում պետք է նոր ընտրություններ անցկացվեն, իսկ մինչ այդ նախագահությունը պետք է ստանձնի կոնգրեսի նախագահը։

Սակայն կառավարամետ Գերագույն դատարանը անվավեր է ճանաչել կոնգրեսի կողմից ձեռնարկված բոլոր գործողությունները, Մադուրոյի կառավարությունը մեղադրել է Գուաիդոյին հեղաշրջում իրականացնելու մեջ և սպառնում է նրան ազատազրկմամբ։

Զառա Պողոսյան