Ֆեյսբուքը «Ղարաբաղի հարցն է լուծում»

Հունվարի 22-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Դա նրանց երրորդ հանդիպումն էր, որը տևել է մեկուկես ժամ։ Հաջորդ օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել հանդիպման մասին՝ նշելով, որ «ոչ մի կոնկրետ դետալ չեն քննարկել․․․ հիմնական առանցքը այն ամենն է, ինչի մասին խոսում են նաև հրապարակային»։

Ֆեյսբուքի հայկական տիրույթում, այդուհանդերձ, հնչում են մտահոգություններ ու պնդումներ, որ մտահոգվելու որևէ փաստ իրականում դեռ չկա։ ՍիվիլՆեթը քննարկումներից հավաքել է հատվածներ։

Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը հոդված է գրել՝ վերնագրված «Ալիեւը, Փաշինյանը եւ պայմանական տիկին Վարդանուշը».

«Հասարակության մի զգալի մասը սկսել է Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումները ընկալել որպես ինչ-որ սարսափելի բանի նախանշան։ Սա մի երեւույթ է, որը նախկինում չկար։ Չեմ ցանկանում մեղավորներ փնտրել, չնայած ակնհայտ է, որ նման ընկալման մեջ իր մեծ ներդրումն ունի նախկին իշխանությունը, ավելի ճիշտ՝ դրա որոշ ներկայացուցիչներ։ Գրեթե ամեն օր նրանք ապոկալիպտիկ գրառումներ են անում՝ զուրկ փաստերից։ Իսկ քանի որ պայմանական տիկին Վարդանուշի հիմնական գործը իր ճաշը եփելն է մնում, նա մեկնաբանում է «ձեռի հետ» եւ փաստերի կարիք էլ չի զգում»։

Թադևոսյանի գրառման տակ Ֆեյսբուքում մեկնաբանություն է թողել «Ազգային օրակարգ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը

«Ես որպես այս գործընթացին ևս աչալուրջ հետևող մեկը, կարող եմ ասել, որ խնդիրը հանդիպումը չի, այլ հանդիպման, և ընդհանրապես բանակցային գործընթացի, օրակարգի անթափանց և անհստակ բնույթը: Իշխանությունը պետք է սկզբից հստակ ներկայացնի, թե ինչ է նա ձգտում հասնել բանակցությունների միջոցով, դրա հստակ քաղաքական մանդատ ստանա, և դրանով գնա բանակցությունների, այդ դեպքում թող թեկուզ ամեն շաբաթ հանդիպի»,- գրել է Ավետիք Չալաբյանը:

ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանն էլ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին ուղղվող մեղադրանքներին, որ իբր նա պատրաստվում է տարածք հանձնել։ Նա գրել է․

«Սերժը խոսում էր յոթ շրջան տալու մասին, մտահոգ չէիք, Նիկոլը դեռ չի խոսել մեկ գյուղ տալու մասին, խիստ մտահոգ եք։ Փաստաթուղթ հրապարակեք»։

Հակոբյանը հիշեցնում է նաև նախկին հայտարարությունները Արցախի հարցում։ Իր գրառման տակ նա տեղադրել է հղումը, երբ Սերժ Սարգսյանը 2016-ին հայտարարեց, որ Կազանում 2011-ին պատրաստ էր հանձնել յոթ շրջան։ Այս գրառմանը արձագանքել է ՀՀԿ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը

«Ի՞նչ փաստաթուղթ, այն մասին որ չի՞ տվել, ահա փաստը՝ ՉԻ ՏՎԵԼ․․․ եւ դրանք անվտանգության գոտիներ են ցայսօր, իսկ եթե խոսքը էսօրվա մասին է՝ ուշադիր նայեք եւ լսեք ինչ է ասում Նիկոլը, նրա շրջապատը, վերելակները, իներցիաները եւ այսպես շարունակ, ախր, դու շատ լավ ես պատկերացնում իրականությունը, վստահ եմ Թաթուլ ջան»։

Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուքում մեկ այլ գրառում էլ արել է 2001-ին Քի Վեսթի կարգավորման փաստաթղթի վերաբերյալ ՀՅԴ-ի տեսակետի մասին։ Քի Վեսթի կարգավորման ծրագրով 6,5 շրջան հանձնվելու էր Ադրբեջանին, Ադրբեջանը Մեղրիի վրայով [քննարկվել է էստակադաների տարբերակը] ելք էր ստանալու դեպի Նախիջևան։ Կարգավորման այս ծրագրի վերաբերյալ ՀՅԴ-ն ծավալուն շրջաբերական էր հրապարակել․

Ահա մի հատված ՀՅԴ-ի շրջաբերականից․

«ա. Ղարաբաղեան հարցի լուծման մինչեւ այժմ հրապարակուած երեք՝ Փաթեթային, Փուլային, Ընդհանուր Պետութիւն տարբերակների ի տարբերութիւն՝ այս տարբերակը ունի աչքառու առաւելութիւն։

բ. Անկասկած, աննախընթաց եւ պատմական յաջողութիւն է այն իրողութիւնը, որ Ադրբեջանը վերջապէս պարտաւորւում է ընդունելու այն փաստը, որ Ղարաբաղը՝ Լաչինի միջանցքով, հայկական հող է»։

Թեմային անդրադարձել է նաև Ստեփանակերտի Անալիտիկոն հանդեսի գլխավոր խմբագիր, Արցախի խորհրդարանի առաջին խոսնակ Արթուր Մկրտչյանի մամուլի քարտուղար Գեղամ Բաղդասարյանը․

«Ազգիս ջախջախիչ մեծամասնությունը սուպերպրոֆեսիոնալ է դարձել Ղարաբաղյան կարգավորման և Հայոց ցեղասպանության հարցերում։ Հայեր, բայց, ախր, այդքան հաստիք ու պահանջարկ չկա, մյուս ոլորտներում շատ շուտով կադրերի սով է սկսվելու։ Մտածեք վաղվա օրվա մասին։ Հասկանում եմ, որ մյուս ոլորտներում մի քիչ դժվար է արհեստավարժվելը, բայց դե փորձեք, որովհետև մեկ էլ տեսար՝ կարգավորումը եղավ ձեր ուզած ձևով ու Հայ Դատի մեր պահանջատիրությունն էլ անմնացորդ բավարարվեց։ Բա էդ ահավոր օրվանից ի՞նչ եք անելու։ Մի բան հարցնեմ՝ չնեղանաք, էլի, խնդրում եմ։ Ձեր տանը ձեզ միայն հայրենասիրության համար պահու՞մ են, շլինքներիդ չե՞ն տալիս ու ասում՝ գնա գործ արա (ինձ հաստատ չէին պահի)։ Կամ, ասենք, երբ ձեր տանը լամպ է վառվում կամ դուռը լավ չի փակվում՝ դուք ձեր ղարաբաղագիտական-ցեղասպանագիտական բազմազբաղությունից կես ժամ հատկացնու՞մ եք դրան։ Եթե ոչ, ապա լավ խաբար ունեմ ձեզ համար՝ դուք Աստծո ընտրյալ եք։ Ախր, ոոոոոոոոոոնց եմ ես ձեզ ….նախանձուուուուուուում…»:

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել