Գեներալ Մանվելի՝ պետությանը գույք նվիրաբերելու գործընթացը կասեցված է

Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի Ակնալճի առանձնատունն ու տարածքը պետությանը նվիրաբերելու գործընթացը կասեցված է։ Հունվարի 24-ի կառավարության նիստից հետո այդ մասին հայտարարեց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Հոկտեմբերի 26-ին Սիվիլնեթը գրել էր, որ Մանվել Գրիգորյանը իր փաստաբանի միջոցով ցանկություն էր հայտնել Ակնալճի իրեն պատկանող ավելի քան 330 հեկտար տարածքը նվիրաբերել պետությանը։ Տարածքը գնահատվում է ավելի քան 10,5 միլիոն դոլար։ Ավելի ուշ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել էր, որ իրավապահները պարզում են, թե Գրիգորյանն ինչպես է ձեռք բերել նշված տարածքը ու արդյոք օրինական է ընթացել ձեռքբերման գործընթացը։

Նարեկ Բաբայանը անդրադառնալով թեմային՝ նշում է՝ պետությունը դեռևս Ակնալճի տարածքը չի ընդունել․ «Առայժմ այդ գործընթացը կասեցված է, քանի որ դատախազությունը իր վերապահումներն է հայտնել»։

Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին։ Նրան մեղադրանք առաջադրվեց երկու հոդվածով՝ ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության և զինվորների համար նախատեսված պարենամթերքի, պարագաների յուրացման համար։ Գրիգորյանը դատարանի որոշմամբ կալանավորված է, գործի նախաքննությունը շարունակվում է։

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարում՝ Մանվել Գրիգորյանը (աջից) և որդին՝ Կարեն Գրիգորյանը (Վաղարշապատի նախկին քաղաքապետ)