ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կկրճատվի՝ ներկայիս 50-ի փոխարեն դառնալով 7․ այս մասին ասված է կառավարության Ֆեյսբուքի պաշտոնական էջում։
Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում.
– ՀՀ փոխվարչապետերը,
– Վարչապետի աշխատակազմի ղեկավարը,
– ԱԽ քարտուղարը,
– Աշխատակազմի ղեկավարի տեղակալները,
– Աշխատակազմի վարչության պետերը,
– Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետերը,
– Վարչապետի խորհրդականները,
– Վարչապետի որոշ օգնականները:
✔️ Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.
– Երկու փոխվարչապետերը,
– ԱԱԽ քարտուղարը
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը գրում է, որ դեռ մայիսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված չորս ծառայողական ավտոմեքենաներից երկուսից և հայտնում, որ այսօրվանից հրաժարվում են ևս մեկ ավտոմեքենայից:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ գրել է, որ ինքը նույնպես կհրաժարվի ծառայողական ավտոմեքենայից։
Հունվարին վարչապետի աշխատակազմից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Արարատ Միրզոյանի և Տիգրան Ավինյանի՝ ծառայողական մեքենաներից հրաժարվելու հայտարարությունից բացի, նմանատիպ այլ դիմում չի ստացվել։
«Փոխվարչապետների գրասենյակներից ազատված մեքենաները մինչ օրս չեն շահագործվել և շարունակում են մնալ ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում»,- ասված է հարցման պատասխանում։
Անի Գրիգորյան