Մադրիդյան սկզբունքները վերաիմաստավորելու կարիք կա․ Լոուրենս Բրոյերս

Հունվարի 16-ին Փարիզում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ինչին հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսական հայտարարությունը, որ նախարարներն ընդգծել են հասարակությունների խաղաղության նախապատրատսելու անհրաժեշտությունը։ ՍիվիլՆեթի Սյուզաննա Պետրոսյանը ԼՂ խնդրի վերջին զարգացումների շուրջ զրուցել է Ղարաբաղյան խնդրի փորձագետ Լոուրենս Բրոյերսի (Laurence Broers) հետ։ Բրոյերսը Caucasus Survey հանդեսի խմբագիրն է և բրիտանական Chatham House-ի ավագ գիտաշխատող։ (Հարցազրույցը հրապարակվել է հունվարի 22-ին։ Հունվարի 23-ին (հարցազրույցից հետո) Դավոսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը)։

– Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդող օրերին երկու կողմերի հայտարարությունները դրական էին, ինչը չէինք տեսել վերջին տարիներին։ Այսօրվա պայմաններում ի՞նչ է նշանակում երկու կողմերի հանրություններին խաղաղության նախապատրաստելը։

– Կարծում եմ՝ այստեղ ամենակարևորն է շատ զգույշ լինել ակնկալիքների հարցում։ Խուսափել սպասումներից, որ հանկարծ կունենանք խաղաղության մի հոյակապ համաձայնագիր, ու տեղի կունենա բեկում՝ այս լճացած բանակցություններից դուրս գալու։

Նման մտածելակերպը կարող է լինել միամիտ, անհավանական, նույնիսկ վտանգավոր։ Ունեցել ենք լարված ռազմական մրցակցության տասնամյակ, 2016 թ. ապրիլին ականատես ենք եղել ռազմական գործողությունների ու իրավիճակի սրման և համապատասխանաբար դիրքորոշումների կոշտացման, այդ թվում՝ դիրքորոշումներ ապագա խաղաղության բանակցությունների հիմնախնդիրների վերաբերյալ, օրինակ՝ տարածքային զիջումների գաղափարը, տարածքներից հետքաշումը կարծես ավելի քիչ հավանական է դառնում ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև ամբողջ Հայաստանում։

Նման իրավիճակ եղել է նախկինում՝ 2008 թ․ նոյեմբերին, երբ նախագահներ Ալիևն ու Սարգսյանը ստորագրեցին Մոսկվայի հռչակագիրը, որում նրանք հանձն առան վստահության ամրապնդման միջոցների կենսագործման համար պայմաններ ստեղծել։ Իսկ 2016 թ. մայիսին նախագահները կրկին հանձն առան մի շարք միջոցներ ձեռնարկել, որոնք դեռ չեն արվել։ Ուստի կարծում եմ՝ թերահավատությունը անտեղի չէ։ Մենք պետք է շատ զգույշ լինենք առաջիկա շաբաթներին և ամիսներին որևէ բեկումնային իրադարձության շուրջ մեր ակնկալիքներում։

– Ի՞նչ կարող ենք ակնկալել համաձայնագրից, եթե երկու երկրների հանրություններն էլ կարիք ունեն նախապատրաստման։ Ինչպես ասացիք, պետք է զգուշավոր լինենք։ Այնուամենայնիվ, ի՞նչ կարող ենք ակնկալել։ Եվ ինչպե՞ս է այս պատրաստությունը արվում իրականում։

Վերջին տասնհինգ տարիներին կայուն կերպով ունեցել ենք մի շարք հիմնական սկզբունքներ՝ հայտնի Մադրիդյան սկզբունքներ անվամբ, ուստի կարծում եմ դրանց ծանոթ մարդիկ գիտեն ինչ ակնկալել այս համաձայնագրից․ ամբողջը նշված է այնտեղ։ Մադրիդյան սկզբունքները քիչ թե շատ անհետացել են հանրային ասպարեզից, հանրային քննարկումներից, համակրանք չեն վայելում նրանց կողմից, ովքեր ծանոթ են դրանց։ Ուստի կարծում եմ՝ այսօրվա իրադարձությունների պատկերին այդ սկզբունքները վերաիմաստավորելու կարիք կա։

Ինչ վերաբերում է հանրություններին խաղաղության նախապատրաստելու գաղափարին, ապա ըստ իս՝ այն կարող է դառնալ արտահայտություններից մեկը, որը բոլորն են օգտագործում՝ առանց իսկապես հասկանալու դրա իմաստը։

– Արդյոք հանրությունները պատրա՞ստ են խաղաղության, արդյոք այս կողմը պատրա՞ստ է, արդյոք պատրա՞ստ է մյուս կողմը։ Ո՞վ է նախապատրաստելու հանրությանը։ Կարո՞ղ եք մանրամասնել՝ ի՞նչ է դա իրականում նշանակում։

– Ինձ թվում է՝ հանրություններին խաղաղության նախապատրաստելն այնուամենայնիվ վերևից ներքև մոտեցում է խաղաղության ու հաշտեցման խնդրին։ Մարդիկ պարզապես պասիվ առարկաներ չեն, որոնց կարել է համախմբել պատերազմի համար և ապա նախապատրաստել խաղաղության։ Այդ պատճառով, եթե հանրությանն ուզում ես նախապատրաստել խաղաղության, դա պետք է անել ուժը քաղաքացուն վերադարձնելու միջոցով, ոչ թե ընդունելու, որ նրանց տեսակետները այդպես էլ պետք է լինեն։

Ուստի ինձ համար իսկական ցուցիչը, թե որքան լուրջ են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները սրա վերաբերյալ, այն է, թե ինչպես են նրանք նորմալացնում քաղաքացի – քաղաքացի ոչ պաշտոնական շփումները։ Դրանք վերջին տարիներին խստորեն սահմանափակվել են, ուստի կարծում եմ՝ սա կլինի չափազանց կարևոր առաջին քայլ։ Դրան զուգահեռ՝ պետք է տեսնենք շփման գծում լարվածության, բախումների աստիճանական նվազում։ Շատ դժվար կլինի խաղաղության տարբերակների քննարկումների համար հարթակ նախապատրաստել, երբ սահմանին կրակոցներ են հնչում, և մարդիկ են մեռնում։

Կա նաև տնտեսական վստահության ամրապնդման միջոցների հարցը, որն ընդգծվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անցած շաբաթ արված հայտարարությունում։ Առկա է դրական վերաբերմունք տնտեսական վստահության ամրապնդման միջոցների նկատմամբ՝ որպես վստահության ամրապնդման միջոց առանց քաղաքականության։ Եվ դա բնականաբար դեր ունի։

Բայց կարծում եմ՝ մենք պետք է նաև փոփոխություններ տեսնենք կողմերի քաղաքական մարտավարության մեջ, ինչը նշանակում է՝ բացել այս գործընթացը նրա դերակատարների ու դիսկուրսի առումով։ Դա կնշանակի՝ ավելի մեծ տեղ տալ Track II՝ քաղաքացիական հասարակությունների միջև խաղաղությանն ուղղված ծրագրերին և ձայն տալ այն դերակատարներին, որոնք մինչ այս շատ ասելիք չեն ունեցել, օրինակ՝ Ղարաբաղի հայ բնակչությանը, նաև՝ Ղարաբաղի տեղահանված ադրբեջանցիներին։ Կան շերտեր, որոնց պետք է ձայն տրվի։

Հետաքրքիր է նաև այն, որ մենք վերջերս ականատես եղանք իշխանափոխության․ Ղարաբաղի ադրբեջանցիները ևս ունեն նոր առաջնորդ, նա դիվանագիտական շփումների մեջ է Ադրբեջանում միջազգային ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին Լեռնային Ղարաբաղում մենք կտեսնենք նոր քաղաքական իշխանություն, ուստի կարծում եմ՝ այս շերտերը պետք է հաղորդակցվեն ոչ միայն միմյանց հետ, այլև տարբեր դերակատարների հետ տարատեսակ հարցերի շուրջ։

Ինձ համար ակնհայտ է, որ հանրություններին խաղաղության նախապատրաստելը պետք է նաև լինի ներքևից վերև գործընթաց, դա իսկապես թեստ կլինի անցած շաբաթ արտգործնախարարների համաձայնությանը։

– Ինչու՞ է ոչ ֆորմալ, քաղաքացի – քաղաքացի ուղին այդքան կարևոր։ Դրա շուրջ տեսնո՞ւմ եք արդյոք խանդավառություն։

– Համընդգրկուն խաղաղության շարժումներն աշխարհում սովորաբար խաղաղության համաձայնության հասնելու ամենահաջող ուղին են, դրանք լեգիտիմացնում են բարդ որոշումները։

Որևէ գործընթացում պետք է ունենալ ներքևից վերև այդ լեգիտիմությունը, որպեսզի հնարավոր լինի հասնել բարդ զիջումների և փոխզիջումների։ Կարծում եմ՝ այս առումով շատ քիչ ներդրում է կատարվել խաղաղության ճանապարհին։ Սակայն տեսնում ենք մի փոքր ավելի շատ եռանդ, միգուցե հայկական կողմում՝ Թավշյա հեղափոխությունից հետո, որը փոխել է խաղը։ Փաշինյանին մոտ կանգնած անձանցից մի քանիսը ուղղակիորեն ներգրավված են եղել Track II ոչ ֆորմալ նախաձեռնություններում, նրանք ունեն այդ հեռանկարը։

Փաշինյանը նույնպես, դեկտեմբերի ընտրություններից հետո, ժողովրդավարական հզոր մանդատ ունի, և դա նրան կարող է ավելի մեծ կարողություն ընձեռել առերեսվելու խաղաղության այս գործընթացի բարդ մոտեցումներին։ Ուստի, ըստ իս, սա լավ պահ է՝ վերակենդանացնելու այդ ոչ ֆորմալ գործընթացները, կցելու դրանք պաշտոնական՝ Track I բանակցությունների հետ, որպեսզի լինի փոխշփում, գաղափարների շրջանառություն այս երկու գործընթացների միջև։ Դա է խաղաղության՝ իդեալական բազմաշերտ գործընթացը։

– Վերջերս Թվիթերում գրառում էիք կատարել, որում ասվում էր․ «Հանրություններն ունեն տարբեր տեսակետներ, դրանցից շատերը հիմա տեսանելի չեն, բայց նրանք հակված են հավանություն չտալ պատերազմին՝ որպես հակամարտության կարգավորման միջոցի, և կառավարություները ևս պատրաստ չեն։ Նրանք շատ քիչ ինստիտուցիոնալ կարողություններ ունեն»։ Որո՞նք են տեսակետները, որոնք քողարկված են եղել վերջին տարիների քաղաքական սուր հռետորաբանության հետևում։

– Վերջին տարիներին շատ դժվար է եղել ստանալ հակամարտության հետ կապված խնդիրների վերաբերյալ վստահելի սոցիոլոգիական հարցումների արդյունքներ։ Դա հատկապես վերաբերում է Ադրբեջանին։ Հակամարտությունը և տարածքային ամբողջականության վերականգնումը հանրությանը հուզող առաջնային են, երբ մարդկանց ասվում է թվարկել իրենց համար էական նշանակություն ունեցող հարցերը։ Հայաստանում նման հարցում իրականացնելն ավելի շիտակ է լինում։ Երկու կողմից էլ առկա էր ազգային զգացմունքների պոռթկում 2016 թ. ապրիլին, բայց չեմ կարծում՝ դա կարելի է որպես ցուցիչ ընդունել, թե որքանով են մարդիկ պատրաստ երկարատև ձգվող պատերազմի։

Այդ գրառմամբ ես վերհիշում էի 2013 թ. Կովկասյան բարոմետրի տվյալները, որը հենց բարոմետրի վերջին հարցումն է Ադրբեջանում։ Ըստ այդ տվյալների՝ երկու կողմերում էլ մարդկանց կեսից ավելին պատասխանել էր, որ շատ ավելի հավանական է լուծման հանգել խաղաղ կարգավորման միջոցով։ Հարցվածների ավելի քիչ՝ 30 տոկոսը Ադրբեջանում և 20 տոկոսը Հայաստանում գտնում էին, որ լուծումը հավանական է ուժի միջոցով։ Այս թվերը բավական չեն իրավիճակի շուրջ հստակ պատկերացում կազմելու համար։

Նաև կարծում եմ՝ այս թվերում պետական առաջնորդության բացահայտ պահանջարկ կա։ Մարդիկ կարող են տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ապագայի վերաբերյալ, սակայն նրանք ցանկանում են ունենալ ղեկավարություն, որն ի վիճակի է քաղաքական բանակցություններ վարել, փոխանակ ավելի ռազմականացված մոտեցումներ որդեգրելու և սպառազինություններ կուտակելու։ Անհրաժեշտ է այդ տեսակետների արտահայտման համար քաղաքական տարածք տրամադրել, ոչ միայն հանրություններին ուղղակի նախապատրաստել խաղաղության։ Անհրաժեշտ է պետություններին նախապատրաստել, առկա է ինստիտուցիոնալ ներուժի սուր պակաս, մարդկանց սուր պակաս, այսպես կոչված՝ դեսպանների, որոնք կունենան այդ հիմնախնդիրների շուրջ բանակցություններ վարելու կարողություն։ Ուստի, սրան ևս պետք է առաջնահերթություն տալ։

– Այս տարի նախատեսում եք գիրք լույս ընծայել, որը կոչվում է «Հայաստան և Ադրբեջան. հակամարտության անատոմիա»։ Ի՞նչ է նշանակում այս վերնագիրը։

– Այս գիրքը նպատակ ունի ետ մղել այս սառած հակամարտության գաղափարը։ Այն վերանայում է այս հակամարտության հայեցակարգը որպես երկու պետությունների միջև մարտավարական մրցակցություն։ Գիրքը մանրակրկիտ ներկայացնում է, թե ինչպես է այս մրցակցությունը խորացել և ընդարձակվել հրադադարից ի վեր վերջին քսանհինգ տարիների ընթացքում։ Այն դիտարկում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, տարբեր վարչակարգերը հայկական և ադրբեջանական աշխարհաքաղաքական մշակույթներում։ Նաև փորձում եմ բացատրել՝ ինչու է այս մրցակցությունն բանակցություններին այսքան հակոտնյա։ Գիրքը լույս կտեսնի սեպտեմբերին։ Հուսով եմ՝ այդ ժամանակ ավելի մանրամասն կխոսենք Ձեզ հետ դրա մասին։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել