Որքանո՞վ են պատրաստ խաղաղության Հայաստանն ու Ադրբեջանը. Chatham House-ի վերլուծաբան

Բրիտանական Chatham House-ի կայքում հրապարակվել է ավագ գիտաշխատող, Caucasus Survey հանդեսի խմբագիր, Ղարաբաղյան խնդրի փորձագետ Լոուրենս Բրոյերսի (Laurence Broers) հոդվածը՝ «Որքանո՞վ են պատրաստ խաղաղության Հայաստանն ու Ադրբեջանը» վերնագրով, որը թարգմանաբար, որոշ կրճատումներով ներկայացված է ստորև։

Լարվածության թուլացմանը միտված միջոցներն ու նոր դեմքերը ուշքի են բերում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Սակայն խոստումները կյանքի կոչելու համար կողմերը պետք է բարեփոխեն իրենց քաղաքական ռազմավարությունը։

Արդյոք տևական ժամանակ լճացած հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը վերջապես առա՞ջ է մղվում։ Հունվարի 16-ին Փարիզում արտաքին գործերի երկու նախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը չորրորդն էր ինն ամսում։ Այն հետևել է քայլերին, որոնց արդյունքում վերջին ամիսներին նվազել է լարվածությունը։ Միջոցների թվում շփման գծի երկայնքով տեղակայված զինված ուժերի միջև օպերատիվ կապի հաստատումն է և հրադադարի ռեժիմի խախտումների կայուն կրճատումը։

Այս ամենի ֆոնին հունվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած մամուլի հաղորդագրությունը շատ դրական էր։ Մատնանշելով բանակցային գործընթացում քաղաքական մթնոլորտի կայունացումը՝ այն շեշտում է, որ Մամեդյարովն ու Մնացականյանը պայմանավորվել են իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ։

Սա Մինսկի խմբի ամենալավատեսական հայտարարությունն էր վերջին շրջանում։ Հոռետեսության համար առկա են բազմաթիվ հիմքեր։ Մեկ տասնամյակ առաջ նախագահներ Ւլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի միջնորդությամբ 2008թ․ Մոսկվայի հռչակագրով ստանձնեցին վստահության կառուցման միջոցների հանձնառություն։

2016-ի մայիսին Ալիևն ու Սարգսյանը կրկին հանձնառություն ստանձնեցին, այս անգամ՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու և ԵԱՀԿ թիմի մոնիթորինգային կարողությունների ավելացմանը միտված միջոցներ ձեռնարկելու հարցում։

Այս ամենը դեռ պիտի իրագործվի։

Ավելին, կողմերի միջև չի փոխվել նաև հիմնարար կառուցվածքային և ազգայնական անհամատեղելիությունը։ Սակայն քաղաքական նոր իրողությունը հուշում է, որ երկու կողմերն էլ լարվածության թոթափման շարժառիթներ ունեն։

[…]

2018-ի Թավշյա հեղափոխությունը Հայաստանին դրդեց վերաիմաստավորելու անվտանգությունն ու ժողովրդավարությունը։

Հայաստանի նոր ղեկավարությունը, դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններում ստանալով ուժեղ մանդատ, ձեռնամուխ է լինում ներքին բարեփոխումների հավակնոտ ծրագրի իրականացմանը։ Բաց հարց է մնում, թե որքանով կարող է հաջող լինել այդ ծրագիրը՝ հաշվի առնելով փաստը, որ Հայաստանը ներքաշված է տևական, անհամաչափ կարողություններով հակամարտության մեջ Ադրբեջանի հետ։ Հատկապես ներկայում Ադրբեջանի հետ լարվածության թեժացումը կարող է վտանգել Փաշինյանի օրակարգը և ամրապնդել նրա հակառակորդների դիրքերը։

[…]

Ներկա իրավիճակում չկա որևէ բան, որ կհուշի կարգավորման գործընթացում վճռական տեղաշարժերի, էլ չասած՝ խաղաղության մեծ համաձայնագրի մասին։

Ավելի շուտ, Հայաստանի ու Ադրբեջանի համար բացվել է հնարավորություն վերատրամաչափելու իրենց մրցակցության հիմնական մակարդակը։ Սա կարող է ենթադրել հրադադարի խախտումների և շփման գծում լարվածության կայուն կրճատում, ոչ անվտանգային հարցերի շուրջ բանավեճի համար քաղաքական դաշտի ստեղծում։

ԵԱՀԿ-ի հունվարի 16-ի մամուլի հաղորդագրությունը հատկապես շեշտում է փոխշահավետ այն նախաձեռնությունների կարևորությունը, որոնք թույլ կտան իրացնել տարածաշրջանի տնտեսական ներուժը։

Վստահության կառուցման համադրումը ենթակառուցվածքային այնպիսի նախագծերի հետ, ինչպիսին է օրինակ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, կարող է դրական դեր խաղալ։

Շոշափելի փոփոխություն կարող է և չլինել, քանի որ կողմերը վարում են այսպես կոչված «հակամարտության ավտորիտար ռազմավարություն»։ Դրա մեջ մտնում է վերահսկողության ռազմավարությունը, որը չի ապահովում այն խմբերի ձայնն ու ներկայացվածությունը, որոնք տուժել են հակամարտությունից։ Այդ խմբերից են Լեռնային Ղարաբաղի հայերն ու տարածքից տեղահանված ադրբեջանցիները։

Մյուս ռազմավարությունը համառ կենտրոնացումն է համայնքային ինքնությունների վրա՝ շահերի ու կարիքների վրա կենտրոնացման փոխարեն, որը կարելի է վերածել այդ կարիքները հոգալուն միտված մեխանիզմների ու քաղաքականության։

Վերոհիշյալ ռազմավարությունները վերջին տարիներին զգալիորեն ամրապնդվել են պարտադրանքի և ոչ բռնի այլընտրանքների համար քաղաքական դաշտի վերացման հետևանքով։

Այդուհանդերձ, ամենահրատապը հայ-ադրբեջանական շփումների էական ավելացումն է՝ վերջին տարիներին առկա իրավիճակի համեմատ։ Մարդկային շփումների սահմանափակումների վերացումը կարևոր է, եթե առկա նախաձեռնությունը չարչրկված «դեժավյուի» վերածելու միտում չկա։

Եթե Հայաստանն ու Ադրբեջանն իրապես ցանկանում են նախապատրաստել իրենց ժողովուրդներին խաղաղության, առաջին քայլը վերջիններիս ազդեցության վերականգնումն է։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել