Միհրան Պողոսյանի ներգրավմամբ քրեական գործը վերսկսվում է նոր էջից

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի գործը վերաբացվել է։ Հատուկ Քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի մասին դեռ 2016-ին հարուցված և կարճված քրեական գործի վարույթը վերսկսվել է, ընթանում է նախաքննությունը։ Այլ մանրամասներ խոսնակը չհաղորդեց՝ նշելով, որ մանրամասները առաջիկայում կհրապարակվեն։

Օֆշորային գոտում Միհրան Պողոսյանի կողմից գրանցած բիզնեսների վերաբերյալ բացահայտումը «Հետքն» արել էր դեռ 2016-ի ապրիլին։ Կայքի տվյալներով՝ Միհրան Պողոսյանը «այնտեղ գրանցած ընկերությունների միջոցով բիզնես էր անում, իր պաշտոնն օգտագործում էր սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցնում եկամուտները»:

Այս հրապարակումից հետո ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվեց` ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ, սակայն 2017-ի հունվարի 25-ին քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայությամբ։

«Նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել այն հանգամանքը, որ պաշտոնատար անձ հանդիսացող Միհրան Պողոսյանը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, արտոնություններ և առավելություններ է տվել հրապարակումներում նշված կազմակերպություններին կամ որևէ այլ ձևով հովանավորել այդ ընկերություններին»,- ասված էր ՀՔԾ-ի հաղորդագրությունում։

Գևորգ Թոսունյան