Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերին սպասարկող մեքենաների թիվը կրճատվում է

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հետայսու ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ 

«Ուզում եմ տեղեկացնել դեռևս մեկ շաբաթ առաջ կայացված իմ և ԱԺ աշխատակազմի ղեկավարի մի որոշման մասին։

Հետայսու ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Միաժամանակ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը։

Աշխատակազմի և հանձնաժողովների բնականոն աշխատանքներն ապահովելու համար կգործեն հերթապահ մեքենաներ, որոնք առանձին դեպքերում նախապես ներկայացված և հիմնավոր հայտի հիման վրա կիրականացնեն պահանջվող տեղափոխումը»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Երեկ հայտնի է դարձել, որ էականորեն կրճատվում է վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը՝ 50-ից 7-ի։

Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ։ Նա ասում է՝ ինքը ևս հրաժարվել է ծառայողական մեքենայից։ Այս որոշման արդյունքում հնարավոր կլինի տնտեսել 130-150 միլիոն դրամ տարեկան։ Աղաջանյանի խոսքով՝ «հեղափոխությունն է իրենց պատվիրակել նման գործելաոճ»։ Նա անդրադաենում է նաև պաշտոնյաների պարգևատրումների թեմային։

Անի Գրիգորյան