Մայրապետյանին թույլ են տվել լքել երկիրը

Գործարար Սամվել Մայրապետյանը հնարավորություն կունենա երկրից դուրս գալ. Հատուկ քննչական ծառայությունը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը։ Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կառավարությանը հորդորել էր ապահովել Մայրապետյանի բուժումը։ Այդ ապահովումը դատավարական գործընթաց էր, ես արդեն չորրորդ անգամ ներկայացնում էի համապատասխան հիմքեր, այս անգամ նախաքննական մարմինը բավարարեց մեր միջնորդությունը»,- ՍիվիլՆեթին տեղեկացրեց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը՝ հավելելով, որ ՀՔԾ-ն որոշումը կայացրել է հունվարի 24-ին։

Փաստաբանի խոսքով՝ առաջին իսկ հնարավորության դեպքում Սամվել Մայրապետյանը կմեկնի արտասահման բուժվելու։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հօգուտ Սամվել Մայրապետյանի որոշում է կայացրել։

ՄԻԵԴ-ը 39-րդ Կանոնի համաձայն՝ որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել նրա առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ:

2018-ի դեկտեմբերի 27-ին Սամվել Մայրապետյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից։ Նա ծանր հիվանդություն ունի, փաստաբանները միջնորդել էին, որպեսզի Մայրապետյանը բուժումը ստանա արտերկրում, սակայն նրան չէր թույլատրվել լքել երկրի տարածքը։

Մայրապետյանը ձերբակալվել էր 2018-ի հոկտեմբերի 8-ին։ Մայրապետյանը մեղադրում է կաշառք ստանալու միջնորդության մեջ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել