Մհեր Ենոքյանի գործ․ նախագահը վարչապետից դեռևս որևէ առաջարկ չի ստացել

Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական Գևորգ Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով անդրադարձել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի՝ ներման միջոցով հավանական ազատման հարցին․ Մելիքյանի հայտարարությունը՝ ստորև․

Հանրապետության նախագահի աշխատակազմի արձագանքը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցի շուրջ

Հաշվի առնելով, որ հասարակական հնչեղություն ստացած՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցը, ինչպես նաև՝ 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի՝ Հանրապետության նախագահին ուղղված հանդիպման խնդրանքը քննարկվում են զանգվածային լրատվամիջոցներում, և ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ հայտնում ենք, որ Հանրապետության նախագահին ուղղված բաց նամակի և դիմումի մասին զեկուցվել է նախագահ Արմեն Սարգսյանին:

«Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովը վարչապետին է ներկայացնում եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ, որից հետո վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն:

Մինչ այս պահը Հանրապետության նախագահը բարձրացված հարցի վերաբերյալ որևէ առաջարկություն վարչապետից չի ստացել: Այս մասին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղյակ է պահել նաեւ Ելենա Աղաջանովային՝ նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում:

***

Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996թ․ նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ՝ վերջինիս տանը: 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Կարդացեք ավելին․

Ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի հնարավոր ներումը՝ թեժ քննարկումների կիզակետում

Մհեր Ենոքյանի հնարավոր ներումը խախտեց մեր լռությունը. սպանված Իոսիֆ Աղաջանովի հայր

Զրույց Մհեր Ենոքյանի հավանական ներման աղմուկի շուրջ․ Ավետիք Իշխանյան և Զարուհի Հովհաննիսյան

Մեկնաբանել