Փաշինյանը կարևորել է ԵՏՄ-ում նավթի և գազի միասնական շուկայի ձևավորումը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Լուսանկարման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում ասել է, որ  Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր կայացված լինելը։ Նա անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, ՏՏ համագործակցության և թվային շուկա ձևավորելու ուղղություններում համագործակցությանը։ Ստորև առանձնացված են Փաշինյանի խոսքից մի քանի հատվածներ։

Էներգետիկ ոլորտ

Եվրասիական տնտեսական միության առանցքային ինտեգրացիոն ուղղություններից է էներգետիկ ոլորտը` որպես ԵԱՏՄ տնտեսական ոլորտներում մրցակցության հավասար և ոչ խտրական պայմանների ստեղծման հիմք: Այս համատեքստում անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել նավթի, նավթամթերքի և գազի միասնական շուկաների ձեւավորման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագրերի իրականացման շուրջ: Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը և էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաև դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով, այդ թվում՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները:

Տրանսպորտային ենթակառուցվածքներ

Անհրաժեշտ է ջանքեր գործադրել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ու դիվերսիֆիկացման համար, ինչը խթան կհանդիսանա միության մեջ ապրանքաշրջանառության աճի և ապրանքների արտաքին շուկաներ արտահանման , ինչպես նաեւ տարանցիկ տրանսպորտային միջանցքների զարգացման համար:

ՏՏ համայնքների համախմբում

Համագործակցության կարևոր ուղղություն է անդամ պետությունների ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը՝ տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտների ակտիվ զարգացման եւ միության թվային օրակարգի ամբողջական իրականացման նպատակով: ԵԱՏՄ «Թվային օրակարգը» պետք է դառնա միության կատարելագործման, դրա արդյունավետության ու գրավչության բարձրացման, վարչարարական, մաքսային և առևտրային խոչընդոտների վերացման հիմնական գործիքներից մեկը: «Թվային օրակարգի» իրագործման շրջանակներում անհրաժեշտ է խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանը և անդամ պետությունների տնտեսությունների ու քաղաքացիների համար ուղղակի օգուտներ ստանալուն ուղղված նախաձեռնությունները, ինչպիսիք են միության անդամ պետություններում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը, էլեկտրոնային աշխատանքային շուկայի և նմանատիպ այլ հարթակների ստեղծումը:

Կարևոր ենք համարում միության ներսում վստահության մակարդակի ամրապնդումը: Ապրանքների ու բեռների համար ժամանակակից հետագծելիության համակարգերի ներդրումը կստեղծի տեխնիկական հիմք այդպիսի ամրապնդման համար: Կարևոր է, որ այդ համակարգերը լինեն ժամանակակից ու տնտեսող, վերացնեն խոչընդոտները, այլ ոչ թե ստեղծեն դրանք: Հայաստանի համար, որը ոչ մի ընդհանուր սահման չունի ինտեգրացիոն միության հետ, թվային հետագծելիությունը կարող է երաշխիք լինել բոլոր չորս ազատությունների իրականացման համար` չստեղծելով լրացուցիչ խոչընդոտներ:

Կանոնակարգերի ներդաշնակեցում

Մենք նպատակահարմար ենք համարում ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել տնտեսության և առևտրի բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների կարգավորումների եւ կանոնակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ, քանի որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բիզնեսի առջեւ կանգնած խոչընդոտների զգալի մասը միասնական, համակարգված եւ համաձայնեցված գործունեության կանոնների բացակայության արդյունք է:

Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։

Նժդեհ Խաչատրյան