Երևանը շրջանցող ճանապարհներ կկառուցվեն

 

Երևանի երթևեկությունը բեռնաթափելու համար քաղաքը շրջանցող մայրուղիներ կկառուցվեն։ Այս մասին հայտարարել են Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանը և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Նրանք հունվարի 25-ին միասին այցելել են Երևանի մի շարք հատվածներ, որտեղ նախատեսվում է շրջանցիկ ճանապարհներ կառուցել:

Ըստ քաղաքապետարանի՝ դիտարկվող ճանապարհաշինական ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Երևանում, թղթի վրա է մնացել խորհրդային տարիներից: Մ15 ծրագիրը Արարատի մարզը կկապի Կոտայքի մարզին՝ վարորդներին հնարավորություն տալով չմտնել Երևան՝ շրջանցելով Էրեբունի  և Նոր Նորք վարչական շրջանները:   

Մարությանն ասել է, որ ճանապարհը կառուցելու նպատակն այն է, որ այն մեքենաները, որոնք անցնում են Երևանով, բայց նրանց նպատակը քաղաք հասնելը չէ, ունենան այլընտրանքային ճանապարհներ և չմտնեն կենտրոն: Քաղաքապետի խոսքով՝ քննարկվող նախագծերն իրատեսական են և իրագործելի։

Մայրաքաղաքի եթևեկության բեռնաթափման նպատակով քննարկվող հաջորդ ծրագիրը նախատեսում է Դավթաշենը ուղիղ կապով միացնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին՝ միաժամանակ կապվելով Կոտայքի մարզի հետ:

«Պետք է մանրամասն ուսումնասիրություն կատարենք և հասկանանք, թե այդ ճանապարհների կառուցումը տնտեսապես ինչ շահավետությամբ կաշխատի, հանրապետական ու միջպետական նշանակության, որ ճանապարհներն են, որ պետք է վերանորոգվեն  և որպես ընդհանուր ծրագրի մաս կարողանանք Երևանի բեռնաթափման ծրագիր մշակել»,- ասել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ Ասիական զարգացման բանկի հետ բանակցում են «Հայրենիք» կինոթատրոնի և կրկեսի հարևանությամբ ճանապարհային նոր հանգույցներ կառուցելու նպատակով: Ըստ նրա՝ կարևորագույն այս երկու նախագծերը ևս իրենց հերթին հնարավորություն կտան զգալիորեն բեռնաթափել մայրաքաղաքի այդ հատվածների երթևեկությունն ու հնարավորին խուսափել խցանումներից։

Նժդեհ Խաչատրյան

Լուսանկարում՝ հատված Հյուսիս-հարավ ավտոճանապարահից, Երևան (Ֆոտոլուր)