Ինչ է փոխվում Հարկային օրենսգրքում

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում շրջանառության է դրվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։

Մեկ օրվա ընթացքում նախագիծը բուռն քննարկվել է։ Ամփոփաթերթում առկա է հարյուրից ավելի առաջարկ։ Հունվարի 25-ի դրությամբ՝ նախագծին հարթակում կողմ է 29 օգտատեր, դեմ՝ 389-ը։

Եկամտահարկի համահարթեցում

Ներկայում գործում են եկամտային հարկի եռաստիճան՝ 23, 28 և 36 տոկոս դրույ­­­քա­չա­փեր։ Ֆինանսների նախարարությունը առաջարկում է փոխել այս համակարգը՝ ներդնելով եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափ։ Ըստ նախագծի՝ 2019թ․ սեպտեմբերի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույ­քա­չափը մինչև 2023 թվա­կա­նը աստիճանաբար կնվազեցվի մինչև 20 տոկոս:

Փոփոխություն պարտադիր կուտակային համակարգում

Եկամտահարկի համահարթեցման քայլին զուգահեռ առաջարկվում է աստիճանաբար վերականգնել պարտադիր կուտակային կենսաթոշա­կա­յին հատկացումների մասով պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավա­­սա­րու­թյան սկզբունքը։ Ներկայում աշխատողի աշխատավարձից պահվում է 2,5% և 7,5% ավելացնում է պետությունը։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխության նախագծում ամրագրվում է հետևյալը.

«2020 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը կազմում է ամսական համախառն եկամտի 6,5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 32,500 դրամը։ 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը կազմում է ամսական համախառն եկամտի 5,5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 27,500 դրամը»։

Այս դրույթներից կարելի է եզրահանգել, որ 2022-ից կուտակային համակարգն ամբողջությամբ կգործի պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավա­­սա­րու­թյան սկզբունքը՝ 5%-ը քաղաքացին, 5%-ը՝ պետությունը։

Ֆինանսների նախարարության դիտար­կում­ները ցույց են տալիս, որ «շուրջ 610 հազար վարձու աշխատողների շուրջ 65 տոկոսի մասով հայտարարագրված ամսա­կան եկամուտը չի գերազանցում 150,000 դրամը, իսկ ամսական 2 միլիոն դրամից ավելի եկամուտ հայտարարագրվում է վարձու աշխա­տող­ների ընդամենը 0.3 տոկոսի մասով»:

Ալկոհոլի ակցիզային հարկի բարձրացում

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2019-ի հուլիսի 1-ից բարձրացնել որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկը։ Այդ շարքին են դասվում օղու և էթիլային սպիրտի ակցիզային հարկերը՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ։

Շատ ձիաուժով մեքենաների հարկման ավելացում

Կառավարությունը կվերանայի նաև 301 և ավել ձիաուժ ունեցող՝ հինգ և ավել տարի առաջ արտադրված ավտոմեքենա­ներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխա­րեն սահմա­նելով 150 դրամ։

Այլ փոփոխություններ

Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար 2 տոկո­­­սային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18 տոկոս։ 2020-ից ցանկանում են «էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը»։ Մասնավորապես, առաջարկվում է վերացնել արտոնա­գրա­յին հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտա­նե­կան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգի փոխա­րեն ներդնել մեկ միասնական՝ միկրո­ձեռ­­նար­կատիրության հարկ­ման համակարգ։ Այս ոլորտում կլինեն այն ձեռնարկատերերը, որոնց իրաց­ման շրջանառության տարե­կան մեծու­թյունը չի գերազանցում 24 միլիոն դրամը:

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ Արմեն Մկրյանի

Մեկնաբանել