Մեսչյանի՝ մետրոյի, ճոպանուղու ծրագրերի մասին քաղաքապետարանում «այլ տեղեկություններ չկան»

Հունվարի 24-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքապետարանը մտադիր է սկսել Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման ծրագիր․ «Խոսքը Աջափնյակի երկու կայարանների մասին է»։ Նա նաև հայտնեց, թե նախատեսում են կառուցել նոր ճոպանուղի: Մեսչյանը, սակայն, ժամկետների մասին չխոսեց։

ՍիվիլՆեթը փորձեց մանրամասներ ճշտել քաղաքապետարանից՝ հասկանալու, թե ինչ հաշվարկներ ու հետազոտություններ է արել քաղաքապետարանը՝ նման հայտարարություններ անելուց առաջ։ Հունվարի 25-ին հարցում ուղարկեցինք քաղաքապետ Հայկ Մարությանի անվամբ՝ խնդրելով տրամադրել ծրագիրը և պատասխանել հետևյալ հարցերին.

– Կա՞ արդյոք մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման փաստաթուղթ։ Եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել դրա կրկնօրինակը տպած կամ էլեկտրոնային ձևով։

– Ե՞րբ է քաղաքապետարանը մտադիր սկսել ծրագիրը։

– Ե՞րբ են նախատեսվում սկսել մետրոպոլիտենի կառուցման աշխատանքները։

– Ե՞րբ է նախատեսվում ավարտել երկու կայարանների շինարարությունը։

– Քանի՞ տարվա գործընթացի մասին է խոսքը։

– Ի՞նչ միջոցներից է ֆինանսավորվելու Աջափնյակ վարչական շրջան երկու կայարանների կառուցումը։

– Կա՞ն արդյոք ֆինանսական միջոցներ ներկայում։

– Որքա՞ն գումար է հարկավոր կառուցելու Աջափնյակ վարչական շրջանի կայարանները։

– Որքա՞ն գումար է հարկավոր իրականացնելու պարոն Մեսչյանի նշած ճոպանուղու ծրագիրը։

– Ո՞ր տարածքներն է ընդգրկելու ճոպանուղին (խնդրում եմ տրամադրել քարտեզ)։

– Ե՞րբ է սկսվելու ճոպանուղու կառուցման աշխատանքները։

– Կա՞ն արդյոք ֆինանսական միջոցներ այդ աշխատանքները սկսելու համար»։

***

Քաղաքապետարանն նույն օրը տվեց հետևյալ կարճ պատասխանը.

«Հարգելի Գ. Թոսունյան, ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ այս պահին այլ տեղեկություններ, քան Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ 24.01.2019թ. տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչածները, չկան: Լինելուն պես դրանք կհրապարակվեն»:

Գևորգ Թոսունյան