Ինչու Փաշինյանը չհանդիպեց Պուտինին․ «Կոմերսանտի» անդրադարձը

Ինչո՞ւ հունվարի 25-ի մոսկովյան այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում չունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ այս հարցի պատասխանն է փորձել ստանալ ռուսական «Կոմերսանտ» թերթը հունվարի 26-ին հրապարակված հոդվածում։

Հունվարի 25-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետն այցելել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ԵԱՏՄ գործադիր մարմնի կենտրոնակայան, ապա հանդիպում ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Փաշինյանի այցը Մոսկվա պայմանավորված էր ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու հետ: Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էր ժամանել Դավոսից, որտեղ մասնակցում էր Համաշխարհային տնտեսական ֆորումին։

«Կոմերսանտի» հոդվածագիրը գրում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ելույթից հետո Փաշինյանը մեկնեց հանդիպելու վարչապետ Մեդվեդևի հետ, իսկ ահա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս անգամ չհանդիպեց։

«Գիտեք, նրանք հաճախ են հեռախոսով շփվում և հաճախ՝ հանդիպում»,- ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ակնարկելով, որ օրակարգում հանդիպման հարց չկար։ Թերթը հիշեցնում է, որ երկու երկրների ղեկավարների նախորդ հանդիպումը եղել է ընդամենը մեկ ամիս առաջ։

Հայկական երկու դիվանագիտական աղբյուր «Կոմերսանտին» հաստատել են, որ սկզբիցևեթ Պուտինի հետ հանդիպման հարց Փաշինյանի պլաններում չի եղել։

«Հավանաբար Հայաստանի ընդդիմությունն ու լրատվամիջոցները շահարկելու են թեման, որ Փաշինյանը չհանդիպեց Պուտինի հետ։ Սակայն ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ հարաբերությունները նորմալ զարգանում են, այդ թվում գազի գնագոյացման առումով։ Հետևապես հատուկ մտավախություններ չկան»,- «Կոմերսանտին» ասել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Զոլյանը։

Կարդացե՛ք նաև՝

Մոսկվայում կայացել է Փաշինյան-Մեդվեդև հանդիպում

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը լրագրողների հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում

Գազի սակագնի երկարաժամկետ կարգավորումը ԵԱՏՄ շրջանակներում է, ըստ վարչապետի

Փաշինյանը կարևորել է ԵՏՄ-ում նավթի և գազի միասնական շուկայի ձևավորումը

Նժդեհ Խաչատրյան