«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է 44 օր հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանը

Հունվարի 26-ի առավոտյան 06։15-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տու Մհեր Եղիազարյանը։ Ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հունվարի 26-ին՝ 06։15-ի սահմաններում, հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը:

Մհեր Եղիազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից հացադուլի մեջ էր: Եղիազարյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ (խարդախությունը) 2-րդ եւ 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ եւ 3-րդ մասերով։ 

2018-ի դեկտեմբերի վերջին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ բացահայտվել է կաշառք տալու պատրվակով առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք: Պարզվել էր, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ: 

Լիլիթ Աբովյան