Ֆեյսբուքը քննարկում է բանտում հացադուլից մահացած Մհեր Եղիազարյանի դեպքը

Հունվարի 26-ին «Նուբարաշենի» բանտում 44-օրյա հացադուլից մի քանի օր անց մահացել է Մհեր Եղիազարյանը, որը մեղադրվում էր խարդախության համար։ Մհեր Եղիազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը մերժել էր դատավոր Արմեն Բեկթաշյանը հունվարի 19-ին։ Եղիազարյանի մահը բուռն քննարկվում է Ֆեյսբուքում։ ՍիվիլՆեթն առանձնացրել է որոշ գրառումներ։

Հաղորդավար, Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանը գրում է․

«Նուբարաշենի քրեակատարողականում Մհեր Եղիազարյանի մահը շատ ցավալի է։ Բայց ես չեմ հասկանում իմ այն գործընկերներին ովքեր ներքաղաքական մոլուցքով տարված սուտ են տարածում ՝ չհարգելով ոչ Մհերի հիշատակը, ոչ էլ իրենց ընթերցողներին։ Մհերը չի մահացել հացադուլի մեջ՝ դա սուտ է։ Բայց այդ փաստը չի ստվերում մի շարք հարցեր։ Ինչու նրա փաստաբանները պատշաճ չեն բարձրաձայնել առողջական խնդիրների մասին։ Արդյոք պատկան մարմինները ամեն ինչ արել են, որ Մհերը չմահանար, բուժօգնությունը և պայմանները եղել են նրա առողջական վիճակին ադեկվատ։ ԼՈՒՐԵՐԻ թիմը զբաղվում է այս խնդիրներով։ Ասեմ որ փաստաբանները խուսափում են խոսել։ Մնացածը չբացեմ։ Դիտեք այսօր 21։00»։

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրել է․

«Իշխանությունը նրա սպանել է, քանի որ հացադուլի պահանջին ընդառաջ չեն գնացել։ Հայաստանում առաջին անգամ հացադուլի ընթացքում, սովելու արդյունքում մարդ է մահանում։ Եթե այլ դեպք եղել է, խնդրեմ, հիշացրեք։ 2017֊ին Արթուր Սարգսյանը՝ հաց բերողը հացադուլ հայտարարելու շնորհիվ ազատվեց կալանքից և դուրս եկավ հացադուլից, հետո, ազատվելուց հետո մահացավ՝ հացադուլի հետևնանքից։ Իսկ նոր իշխանությունները ավելի անսիրտ գտնվեցին նախնական կալանքից չազատեցին Մհեր Եղիազարյանին, մանավանդ հանգիստ կարող էին ազատել, նա ծանր հանցանքի մեջ չէր մեղադրվում․․․»։

Իրավաբան Ռուբեն Մելիքյանն էլ հարցադրում է անում․

«Հերթական անգամ առաջ է գալիս «հավերժական հարցը» – ինչու՞ են մարդիկ գույքային բնույթի ենթադրյալ հանցագործությունների համար հաճախ կալանավորվում։ Կոնկրետ այս դեպքում որո՞նք են եղել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության հիմքերը»։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին անդամ Մարինե Մանուչարյանը ակնարկում է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի դեպքը, որի կինը՝ լրագրող Զարուհի Մեջլումյանը իր հրապարակումներով պաշտպանել է Ենոքյանի իրավունքները։

«Չեմ հասկանում բոլորս պտի լրագրող կնիկ պահե՞նք, որ սաղ ազգը տակնուվրա անի, պաշտպանի, արդարություն պահանջի։ Թե՞ ոչ մեկի դեմ սա օգտագործել չէր լինի, դրա համար անտեսվեց»։

Մանուչարյանի այս գրառմանն արձագանքում է գրող, հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանը

«Սարսափելի փաստ ա, բայց Զառային կպնելու առիթ չի, կարծում եմ»։

Զարուհի Մեջլումյանը ևս անդրադարձել է թեմային և գրառում արել․

«Մեկ ամեն հնարավոր ու անհնար ապօրինի, հակաիրավական մեթոդներով խոչընդոտում եք բանտի մարդու սահմանադրական իրավունքի իրացմանը, ազատության ու արդարության, մարդասիրության գաղափարները ամենացածր մեթոդներով ծաղրում եք ու քարոզում թշնամանք: Իսկ երբ բանտում մեկ այլ քաղաքացի է մահանում, վայնասուն եք բարձրացնում, թե Նիկոլի բանտում մարդ է մահանում: Այսինքն՝ ձեր նպատակը զուտ նոր իշխանությանը ամեն գնով քարկոծելն է: Արդեն ինքներդ էլ չեք գիտակցում, որ տրամաբանական կապը խզվում է ձեր գրառումների միջև»։

ՍիվիլՆեթի՝ իրավական թեմաներով լրագրող Գևորգ Թոսունյանը գրում է․

«ՖԲ-ում Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքի ակտիվ շահարկում ա սկսվել, ես հասկանում եմ, որ քաղաքական դիվիդենտներ քաղելու համար սահմաններ չկան, բայց նախքան Փաշինյանին մեղադրելը նկատի առեք, որ մի բազմություն մարդ կա նախքան նրան հասնելը»։ Թոսունյանը նշում է դատավոր Արմեն Բեկթաշյանի անունը, որը մերժել է գրավով ազատ արձակելու միջնորդությունը։

Կարդացեք նաև՝ Բանտում մահացած Եղիազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը մերժել է դատավոր Արմեն Բեկթաշյանը

Նժդեհ Խաչատրյան

Մեկնաբանել