Երևանի քաղաքապետարանը կհրապարակի պարգևավճարների ցուցակը

Երևանի քաղաքապետարանը կհրապարակի իր աշխատակացմի պարգևավճարների ցուցակը․ այս մասին հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Ֆեյսբուքի իր էջում։

2018-ի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը պարգևավճարներ էր ստացել։ Քաղաքային վարչակազմը, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, հրաժարվել էր հրապարակել ցուցակը՝ վկայակոչելով անձնական գաղտնիության դրույթը։ Քաղաքապետարանը խնդրի վերաբերյալ հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն։

«Արդարադատության նախարարությունից ստացվեց պատասխան, որ այո՛, այս ցուցակը պարունակում է անհատական տվյալներ, բայց մյուս կողմից սա հանրային ինֆորմացիա է։ Եվ այստեղ սկսվեց իրավաբանների մեծ բանավեճը»,- ասել է Մարությանը՝ հավելելով, որ իրավաբանների մեծ մասը գտնում է, որ ցուցակը պետք է հրապարակել, քանի որ դա հանրային ինֆորմացիա է։

«Ինձ համար ամենակարևորն է, որ այս ցուցակը հրապարակելու մեծ հանրային պահանջ կա»,- ասել է քաղաքապետը՝ ներողություն խնդրելով այն աշխատակիցներից, որոնք չէին ցանկանում, որ հրապարակվի իրենց պարգևավճարների մասին տեղեկատվությունը։

Նժդեհ Խաչատրյան