Արմեն Գևորգյանը չի կալանավորվի

Վերաքննիչ դատարանը հունվարի 29-ին մերժեց նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին դատարանից դուրս գալով՝ հայտարարել է ինքը՝ Արմեն Գևորգյանը։

Նա հայտնել է, որ դատարանը մերժել է երկու կողմերի ներկայացրած վերաքննիչ բողոքները. «Դատարանների որոշումներին գնահատական տալու սովորություն չունեմ, անկախ ամեն ինչից այդ որոշումները պետք է կատարվեն»։

Վերաքննիչ ատյանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը։

Արմեն Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասել է, որ դեռ հստակ չեն որոշել վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը։ Ըստ պաշտպանի՝ դատարանները կայացրել են «անկախ դատական ակտեր»։

Հատուկ քննչական ծառայությունը օգոստոսին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրել Սահմանադրական դատարանի գործունեությանը միջամտելու, պաշտոնեական դիրքը չարաշահելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Խոսքը, մասնավորապես, 2008-ին Տեր-Պետրոսյանի կողմից Սահմանադրական դատարանում նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործի մասին է։ Ըստ Վիկիլիքսի հրապարակման՝ Տեր-Պետրոսյանի բողոքի լսման նախօրեին ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին զանգահարել ու հանդիպման է հրավիրել այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Պողոսյանը չէր կատարել պահանջը, և ըստ նույն փաստաթղթի՝ նախագահականից սպառնացել էին ազատել իր եղբորը աշխատանքից (Պողոսյանի եղբայրը ևս աշխատել է նախագահականում)։ Վալերի Պողոսյանն այդ փաստաթղթում խոսել էր նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկելու գործով դատավորների նկատմամբ կիրառվող ճնշումների մասին։ Այս գործով Արմեն Գևորգյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկառտմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել