Ստատուսի հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը․ Զոհրաբ Մնացականյան

Ստատուսի հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը․ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանի հետ Երևանում հրավիրված համատեղ ասուլիսին։

Լրագրողներից մեկը նախարարին հիշեցրեց, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Ադրբեջանի դիրքորոշումը բանակցային գործըթնացում ուժեղ է և չի համակերպվի տարածքների գրավման հետ»։ Հարցին, թե ինչպես կարող են Ադրբեջանի հռետորաբանությունը և խաղաղության թեզը մեկ հարթության վրա լինել, Մնացականյանը պատասխանել է․

«Մեր դիրքորոշումները բոլորիդ համար պարզ են։ Դուք գիտեք, թե մենք ինչպես ենք վերաբերվում ստատուսին։ Ստատուսի հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Ես կարիք չունեմ ասելու, թե որքան վճռական ենք մենք և որքան կարողություններ ունենք պաշտպանելու մեզ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը։ Մենք գիտենք մեր կարողությունները՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու»։

Հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում Մնացականյանը հայտարարել էր, որ խաղաղության այլընտրանքը «կատաստրոֆան» է, ինչը շահարկումների առիթ էր դարձել մամուլում։ Անդրադառնալով սրան՝ Մնացականյանն ասել է, որ դա վերաբերում է հետևանքներին, ոչ թե հայկական կողմից վճռականության պակասին։

«Մենք գիտենք մեր կարողությունները, բայց մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել գործընթացը։ Դրա համար կարևոր է, որ առաջընթացի համար լինի նաև նման միջավայր»,- նշել է արտգործնախարարը։

Մնացականյանը չի բացառել, որ փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ևս մեկ հանդիպում կունենա Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ։

ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը իր հերթին հայտարարել է, որ բարձր են գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ։

Եվրամիության եվրոպական հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Հայաստան է ժամանել հունվարի 29-ին։ Նա հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահի, վարչապետի և փոխվարչապետի հետ։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել