ԵՄ ֆինանսական օժանդակությունը ավելի մեծ կլինի, քան ներկայում է․ Յոհանես Հան

Մեր հարևաններին ցուցաբերվող օժանդակությունը ֆինանսական իմաստով ավելի մեծ կլինի, քան ներկայում է, դա պիտի որ շատ դրական արդյունք ունենա Հայաստանի համար․ այսպիսի հայտարարություն է արել  Եվրամիության եվրոպական հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսին։

Հանը Երևան է ժամանել հունվարի 29-ին։ Նա արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահի, վարչապետի հետ։

Արտգործնախարարությունում հրավիրված ասուլիսին ԵՄ հանձնակատարը նշել է, որ Հայաստանի հետ համատեղ առանձնացվել են ոլորտներ, որոնց պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել․ «Մենք առանձնացրել ենք որոշակի տնտեսական ոլորտներ, որոնցում ուշադրությունը պետք է կենտրոնացնենք՝ ապագային և տեխնոլոգիաներին միտված ոլորտները, դրանցում Հայաստանն այսօր արդեն շատ բան ունի տալու եվրոպական արդյունաբերության զարգացմանը»։

«Մեր ամբողջ համագործակցության հիմքում կուռ մի համակարգ է։ 300 մլն եվրոյի ծրագրեր իրագործման մեջ են, ևս 100 մլն եվրոյի ծրագրեր ճանապարհին են, գալիս են, վարկավորման և դրամաշնորհների հաշվին նաև ավելի քան 800 մլն եվրոյի ներդրումներ են արվել էներգետիկայի, ջրի ենթակառուցվածքի, ոռոգման, ինչպես նաև գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտներում, դա է՛լ ավելի կմեծանա։ Աշխատում ենք կառավարության հետ, որպեսզի առանձնացնենք հետագա օժանդակության ոլորտները»,- հավելել է Հանը։

«Եվրամիության ներսում մենք արդեն իսկ բանակցում ենք՝ կապված բազմամյա հաջորդ ֆինանսական փաթեթի հետ, մենք խոսում ենք յոթամյա բյուջեի մասին՝ 2021-2027-ի համար։ Այդ ամենը՝ բանակցելը, ժամանակ է պահանջում։ Բայց կարող եմ այսօր արդեն իսկ ձեզ հավաստիացնել, որ մեր հարևաններին ցուցաբերվող օժանդակությունը ֆինանսական իմաստով ավելի մեծ կլինի, քան ներկայում է, դա պիտի որ շատ դրական արդյունք ունենա Հայաստանի համար, քան հիմա է։ Ուզում եմ շնորհավորել ձեզ այն ամենի առթիվ, ինչին հասել եք վերջին տարվա ընթացքում, դուք ահռելի թափ եք հավաքել և պետք է դա օգտագործեք մոտակա ամիսներին»։

Հարցին, թե արդյոք Հայաստանին հատկացվող միջոցների աճը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով, ԵՄ հանձնակատարը պատասխանել է․

«Եվրամիությունն ունի հատուկ ֆինանսական տող, որ նվիրված է երկրի ձեռքբերումներին՝ իրավունքի գերիշխանության և ժողովրդավարության բնագավառում, ինչն անշուշտ լրացուցիչ ֆինանսական օժանդակության աղբյուր կլինի Հայաստանի համար, մենք անցյալ տարի մի փոքր արել ենք, 2019-ին ավելին կանենք»։

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ Հանն ասել է, որ Եվրահանձնաժողովը հարցի վերաբերյալ դրական է տրամադրված, սակայն ինքը հստակ ժամկետներ չի կարող նշել, թե երբ կլինի ազատականացումը։

Նա հնարավոր է համարել Եվրամիության կողմից ներդրողների համաժողովի հրավիրումը, որի նպատակը կլինի Հայաստանին աջակցելը։

Հանը նշել է, որ Հայաստանում առկա է շատ դրական տրամադրություն։ «Դրական միջավայրը զգացվում է նաև արտասահմանում, ներդրումային միջավայրի վրա էլ է ազդում, և մարդիկ այսօր, ավելի քան երբևէ, հետաքրքրված են, որ գան Հայաստան»։

Լիլիթ Աբովյան