Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով դիվանագիտական հարթությունում Ադրբեջանին հաջողվել է հասնել առավելագույն արդյունքի․ այս մասին ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի համար «ամենագլխավոր խնդիրն է»։
«Երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը ամենակարևոր հարցն է։ Մեզ հաջողվել է հասնել առավելագույն արդյունքի դիվանագիտական հարթությունում։ Այսօր ամբողջ աշխարհն է հայտարարում, որ այս հակամարտությունը պետք է կարգավորվի մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Վերջինիս պնդմամբ՝ այսօր աշխարհում «առաջնային պլան է մղվել ուժային գործոնը», և իրենք «երբեք չեն հաշտվի օկուպացիայի հետ»։
Այսօր Երևանում Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանի համատեղ ասուլիսին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես կարող են Ադրբեջանի հռետորաբանությունը և խաղաղության թեզը մեկ հարթության վրա լինել, ասել է․ «Մեր դիրքորոշումները բոլորիդ համար պարզ են։ Դուք գիտեք, թե մենք ինչպես ենք վերաբերվում ստատուսին։ Ստատուսի հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Ես կարիք չունեմ ասելու, թե որքան վճռական ենք մենք և որքան կարողություններ ունենք պաշտպանելու մեզ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը։ Մենք գիտենք մեր կարողությունները՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու»։
Հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում Մնացականյանը հայտարարել էր, որ խաղաղության այլընտրանքը «կատաստրոֆան» է, ինչը շահարկումների առիթ էր դարձել մամուլում։ Անդրադառնալով սրան՝ Մնացականյանն ասել է, որ դա վերաբերում է հետևանքներին, ոչ թե հայկական կողմից վճռականության պակասին։
Ստելլա Մեհրաբեկյան