Փաստաբանական համայնքը վերապահումներ ունի Հարկային օրենսգրքի փաթեթի շուրջ

Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Սեդրակ Ասատրյանը դրական է գնահատում եկամտահարկի համահարթեցման մոտեցումը, որը նախատեսվում է Հարկային օրենսգրքի փոփոխություններով։ Այդուհանդերձ, նա ասում է, որ այս փոփոխության արդյունքում չեն շահի մինչև 150,000 դրամ աշխատավարձ ստացողները, իսկ ապագայում դրա ազդեցությունը նվազ կլինի, քանի որ կառավարությունը ցանկանում է վերականգնել պարտադիր կուտակային կենսաթոշա­կա­յին հատկացումների մասով պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավա­­սա­րու­թյան սկզբունքը։

Հարկային օրենսգրքի փաթեթով նախատեսվում է ավելացնել փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների հարկային բեռը, ինչը, փաստաբանի խոսքով, բացասական կազդի փաստաբանական ծառայության մատչելիության վրա։ Ըստ Սեդրակ Ասատրյանի՝ փաթեթում «ձեռի հետ ավելացնում են բիզնեսի վիճակը վատթարացնող դրույթներ»։ Որպես օրինակ նա մատնանշում է մրգային գինու ակցիզային հարկի բարձրացման դրույթը։ «Այն 50 տոկոսով թանկանալու է։ Այս պարագայում պետությունը չի խրախուսում այդ ոլորտը»,- շեշտում է փաստաբանը։ Սեդրակ Ասատրյանը ասում է նաև, որ անուշադրության է մատնվել նախագծի առաջին հոդվածը, ըստ որի՝ նախագիծն ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի վեց ամսվա ընթացքում։ Ասատրյանը վստահ է, որ բիզնեսի համար սա խնդիր կառաջացնի։

Մեկնաբանել