«Իրավական-տգիտություն». Քոչարյանի պաշտպանը՝ մեղադրանքի մասին

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր բողոք են բերել Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով նրան ազատ արձակել։ Հունվարի 29-ին տեղի է ունեցել այդ բողոքի քննության առաջին նիստը։

Դատարանը քննել է պաշտպանական կողմի բողոքներից մեկը և նիստը հետաձգվել է, քանի որ մեղադրողները խնդրել են ժամանակ տալ բողոքին ծանոթանալու համար։ Հաջորդ նիստը հետաձգվել է մինչև հունվարի 31-ը՝ ժամը 14:00-ն։

Նիստից հետո Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը անդրադարձել է այս գործով բանակի ներգրավման դրվագին. «Բանակին հանձնարարվել է պահպանել պետական կարևորության շենքերը։ 2008-ի մարտի 1-ի երեկոյան է այդ հանձնարարականը եղել, սակայն ցերեկը նրանք որևէ քայլեր չեն ձեռնարկել, պատրաստվում էին։ Բանակի ներգրավումը եղել է, որ սահմանադրական կարգը պահպանվի։ Երկու փոխնախարարներ փորձ են կատարել անել գործողություններ, որոնց իրավունքն իրենք չեն ունեցել։ Ես գտնում եմ, որ այն մեղադրանքը, որ առաջադրվել է Ռոբերտ Քոչարյանին, չէր կարող առաջադրվել, դա իրավական տգիտություն է, Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է»։

Նա նաև կարծիք է հայտնել, որ սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարել է ընդդիմությունը. «Սահմանադրական կարգը տապալելու փորձ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի կողմից, բայց քանի որ փոփոխություն մտավ քրեական օրենսգրքում, նրանց մասով քրեական հետապնդումը դադարեցվեց։ Բանակն այդ օրը ոչինչ չի արել»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն անդրադարձել է հունվարին 18-ին իր պաշտպանյալի կալանքը երկարաձգող՝ դատավոր Արթուր Մկրտչյանի գործողություններին՝ հիշեցնելով, որ ներկայում շրջանառվում են առաջարկներ, թե դատական համակարգը պետք է զտել որոշ դատավորներից. «Ես կարծում եմ՝ հիմա այս գործին առնչվող որոշ դատավորներ փորձում են իրենց տեղն ամրագրել ապագա դատական համակարգում այսպիսի դատական որոշումներով։ Ես կարծում եմ՝ պարոն Արթուր Մկրտչյանն արդեն իր տեղն ամրագրեց այդ ապագա դատարանում և զտումների տակ չի ընկնի։ Պատվերը պարտադիր չի, որ զանգ լինի, պատվերը պարզ է հրապարակային ելույթներից»։

Ըստ Ալումյանի՝ ներկայում ցանկացած դատավոր հասկանում է, որ «եթե դեմ գնաց պատվերին, ապա անցումային շրջանից հետո այլևս դատավոր չի աշխատի»։

Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Օրբելյանը հայտնել է, որ որոշակիորեն լուծվել է Ռոբերտ Քոչարյանի տեսակցության հարցը, նրան են այցելել որդին և դուստրը։ Օրբելյանի խոսքով՝ իրենք նպատակ ունեն Հայաստանի դատարաններում արդարադատության հասնել. «Մենք հույս ունենք, որ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքները կպաշտպանվեն հենց Հայաստանի դատական ատյանների կողմից, եթե դա տեղի չի ունենում, ստիպված ենք դիմել Եվրոպական դատարան»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում ընդունեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվեց 2018-ի հուլիսի  27-ին՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի կողմից։ Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը որոշեց կալանքից ազատ արձակել Քոչարյանին, Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցի և այն գրավով փոխարինելու միջնորդություններին անդրադարձ չկատարեց՝ արձանագրելով, որ որպես պաշտոնաթող նախագահ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն։ Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ ատյանի կայացրած որոշումն ու գործն ուղարկեց վերաքննության։ Դեկտեմբերի 7-ին Քոչարյանը կալանավորվեց երկրորդ անգամ։

Ռոբերտ Քոչարյանին 2018-ի մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Հատուկ քննչական ծառայությունը գաղտնազերծել էր 2008-ի փետրվարի 23-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հույժ գաղտնի՝ թիվ 0038 հրամանը, որով «զինված ուժերը ներգրավվել էին քաղաքական գործընթացներում»։

Գևորգ Թոսունյան