Երևանի Շահումյան հրապարակում մեքենաներ չեն կայանի

Հունվարի 29-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին որոշման նախագծին: Այսպիսով, շուրջ 40 տարբեր կազմակերպություն քաղաքի 53 տարբեր հատվածներում ծառայողական ավտոկայանատեղիների գործունեությունը շարունակելու թույլտվություն ստացավ:

Մեկ այլ որոշմամբ ավագանին մերժեց Շահումյան հրապարակում ծառայողական կայանատեղի կազմակերպելու առաջարկը: «Էլիտ-Պլազա» և «Ամերիա» ՓԲԸ-ները զրկվեցին Շահումյան հրապարակում ծառայողական կայանատեղի կազմակերպելու իրավունքից: Մերժվեցին նաև քաղաքացիներ Սարգիս Կարապետյանի և Իգոր Խաչատուրովի՝ համապատասխանաբար, Տերյան 69 և Նալբանդյան 98 շենքի հ. 13, 16, 26 և 35 հասցեների հարակից ճանապարհահատվածներում ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու դիմումները:

Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծեց, որ ոլորտը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտ է մշակել հստակ մոտեցումներ, իսկ մինչ այդ Հայկ Մարությանն ակնկալեց ճանապարհային ոստիկանության հետևողական գործունեությունը: Անդրադառնալով հրապարակներում ծառայողական ավտոկայանատեղիներ կազմակերպելու հարցին՝ քաղաքապետ Մարությանն ընդգծեց, որ հրապարակները պետք է լինեն և ծառայեն որպես հրապարակներ:

«Շահումյան հրապարակը մենք վերադարձնում ենք երևանցիներին: Սա շատ սիրուն հրապարակ է: Երեկոյան ես մեկ-մեկ զբոսնում եմ, և երբ մեքենաներ չկան, նոր միայն տեսնում եմ այդ հրապարակի գեղեցկությունը: Ես կցանկանայի, որ բոլորս նաև ցերեկվա ժամերին այդ գեղեցկությունը վայելենք: Գնդակն այս պահին ոստիկանության դաշտում է, և իրենք պետք է ապահովեն այս որոշման իրականացումը»,- նշել է քաղաքապետը:

Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարան

Մեկնաբանել