Մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը

Հայաստանում 65 տարեկանում մահացել է  ԱՍԱԼԱ-ի  մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Ինչպես հաղորդում է «Արևելք»-ը, այս մասին տեղեկացրել է Վարուժան Կարապետյանի մերձավորներից:

Վարուժան Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի  Ֆրանսիայի շրջանի մարմինը։ 1983 թվականին Փարիզի «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է և Փարիզում կայացած դատավարությամբ դատապարտվել ցմահ ազատազրկման:

Բանտարկությունից 17 տարի անց, հայկական կողմի դիմումներին ընդառաջելով, պաշտոնական Փարիզը 2001թ. ազատ է արձակել նրան և արտաքսել Հայաստան:

Հայկական ժողովրդական շարժման ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Վարուժան Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:30-ից 19:30-ը, Կոնդի եկեղեցում։

Հինգշաբթի՝ հունվարի 31-ին, նույն եկեղեցում, ժամը 12:30-ից 13:00-ը կատարվելու է հոգեհանգստյան արարողություն, նախագահությամբ՝ Տ. Ոսկան արք. Գալփակյանի, այնուհետև թափորը շարժվելու է դեպի Եռաբլուր, որտեղ և հուղարկավորվելու է Կարապետյանը։